Ամանորի նախաշեմին որոշեցինք լրագրողների շրջանում հարցում անցկացնել: Նախաձեռնությունը հումորային էր: Հարցվածներից պահանջվում էր պատասխանել ընդամենը մեկ հարցի. ի՞նչն է լինելու ձեր ընտանեկան տոնական սեղանի մեխը:
Հարցաթերթիկում հուշումներ կային. որեւէ «մեխ» չի լինելու, խնձորով հավ, խոզի բուդ, կոկորդիլոս: Արդյունքն այսպիսին է. ամեն ինչ՝ բացի կոկորդիլոսից (չնայած տարբերվող մի պատասխան կար, որի մասին՝ հետագայում): Ձեւարկերպումը, թերեւս, հունգարացի գրող Միխայ Օրսագի գրքի անվանումից էր. «Ձեռք բեր ինչ ուզում ես, միայն ՈՉ ԿՈԿՈՐԴԻԼՈՍ»:
Լրագրողները, իհարկե, օլիգարխ չեն: Սակայն հարցվածների պարագայում ընտանիքի չափահաս բոլոր անդամները (բացի ուսանողներից) աշխատում են: Այդ պատճառով ընտանեկան բյուջեն թույլ է տալիս տոնական սեղանի համար խոզի բուդ պատրաստել: Այդ ուտեստի սիրահարները հարցվածների 40%-ն են կազմում: Նրանց թվին կարելի է ավելացնել եւս մեկ լրագրողուհու, որը բդի փոխարեն նախընտրում է թիակը՝ նույնպես խոզի:
Հարցվածներից երկուսը հայտարարեցին, որ որեւէ «մեխ» չեն նախատեսում: Հյուրասիրություն, անշուշտ, կլինի: Բայց առանց «ավանդական» խոզի բդի: Շատերը նշեցին, որ գլխավոր ուտեստը խաղողի տերեւով հայկական տոլման կլինի: Ռուսաստանցի որոշ գործընկերների խոսքով, իրենց սեղանին նույնպես խոզի բուդ չի լինի, առավել եւս՝ կոկորդիլոս: Նախընտրում են ջեռոցում պատրաստված հավը, տարբեր աղցաններ, մրգեր:
Եվ վերջում ներկայացնենք խոստացված առանձնահատուկ պատասխանը. կոկորդիլոսին դեմ չեն, բայց այս տարի որոշել են ավելի համեստ տոնել Ամանորը: Այնպես որ՝ սեղանին խոզի բուդ կլինի:



























