Մարդիկ, որոնք իրենց խոսքում հաճախակի եւ մեծ քանակությամբ հայհոյական բառեր են գործածում, այդպես են անում ոչ բառապաշարի աղքատության կամ իրենց միտքն այլ կերպ ձեւակերպելու անկարողության պատճառով: Նման եզրակացության են հանգել ամերիկացի հոգեբանները, որոնք հոդված են հրապարակել    Language Sciences ամսագրում, գրում է The Independent-ը:

Փորձարկման ընթացքում գիտնականները կամավոր ուսանողներին խնդրել են   60 վայրկյանում վերհիշել եւ գրի առնել հնարավորինս շատ հայհոյական բառեր  (ինչպես նաեւ, համեմատության համար, սովորական բառեր, օրինակ` կենդանիների մականուններ):

Պարզվել է, որ տարբեր տեսակի հայհոյական բառեր  (տաբուավորված բառապաշար, հայհոյանքներ, վիրավորական դիմելաձեւեր) վերհիշելու ունակ մարդիկ գիտեն նաեւ եւ կարող են վերհիշել բառապաշարի այլ կարգերի պատկանող բառեր: Այլ խոսքով,   հայհոյախոսների «բառապաշարի աղքատության» վարկածը չի հաստատվել, գրում է   Lenta-ն:

«Սովորաբար համարվում է, որ հայհոյական բառապաշար օգտագործող մարդիկ ալարկոտ են, անկիրթ, աղքատիկ բառապաշար ունեն եւ ի վիճակի չեն զսպել իրենց: Սակայն մեր հետազոտությունը ցույց  է տվել, որ տաբուացված բառապաշարի մեծ հավաքածուն ավելի շուտ զարգացած խոսքի նշան է, ոչ թե դրա պակասների քողարկում», — նշում են հոդվածի հեղինակները:

Բացի այդ, տաբուացված բառապաշարին լավ տիրապետելը, պարզվել է, կապված է բարձր նեվրոտիզմի եւ փորձարարությանը պատրաստ լինելու, ինչպես նաեւ  բարեհոգության եւ բարեխղճության ցածր մակարդակի հետ  (այսպես կոչված հոգեբանական գծերի մեծ Հնգյակի):