Գիտնականները հերքել են այն առասպելը, թե մարդը ալարկոտ եւ քնատ արարած է. պարզվում է, մարդիկ քնի վրա ավելի քիչ ժամանակ են ծախսում, քան մնացած պրիմատները:  Կարճ եւ ավելի ինտենսիվ քունը մարդու նախնիներին օգնել է ավելի շատ ժամանակ հատկացնել շփմանը եւ նոր հմտություններ սովորել, ինչպես որ ուղեղին հնարավորություն է տվել դրանք ավելի լավ յուրացնել:  

Դյուկի համալսարանի մարդաբանները պարզել են, որ մարդիկ, անկախ երկրից եւ քաղաքակրթության զարգացման աստիճանից, միջինը յոթ ժամ են քնում: Այլ պրիմատներ առնվազն երկու անգամ ավելի երկար են քնում, ոմանք` մինչեւ օրական  17 ժամ:

Բացի այդ, մարդկանց մոտ արագ քունը  (ուղեղի բարձր ակտիվությամբ եւ երազներով բնութագրվող փուլը) քնի ընդհանուր ժամանակի մինչեւ 25 տոկոսն է զբաղեցնում: Այլ պրիմատների մոտ այդ ցուցանիշը հինգ տոկոսը չի գերազանցում. Մնացած ժամանակ նրանք ուղղակի ննջում են: Այսինքն մարդիկ հնարավորություն են ստացել ավելի շատ արթուն մնալ եւ ակտիվ կենսակերպ վարել այն բանի շնորհիվ, որ ավելի շատ ժամանակ են հատկացնում  «ինտենսիվ» քնին, գրում է Lenta-ն:

Մարդաբանները ենթադրում են, որ ավելի ակտիվ քնին անցնելուն նպաստել է երեք գործոն` սավաննայի բաց տարածություններում գիշատիչների հարձակման բարձր ռիսկը   (ի տարբերություն ծառերի, որտեղ այլ կապիկներ էին ապրում), խմբի ներսում հակամարտությունների սրումը եւ վերջապես` այլ առանձնյակների հետ ավելի երկարատեւ շփման առավելությունները: Ինչպես եւ այժմ, հետաքրքիր տեղ գնալու եւ հետաքրքիր մարդկանց հանդիպելու հնարավորությունը բավարար էր, որպեսզի մարդը զոհաբերեր իր քնի մի մասը: 

Հետո, ամենայն հավանականությամբ, ձեւավորվել է  Homo sapiens-ի քնի բազային կառուցվածքը. դրա կարճ տեւողությունն օգնում էր ավելի շատ ժամանակ հատկացնել նոր հմտությունների եւ գիտելիքների ձեռք բերմանը եւ փոխանցմանը, մինչ արագ քնի փուլը հնարավոր էր դարձնում այդ հմտությունների արագ յուրացումը: