Այն, թե ինչպես է ԱՄՆ-ը արձագանքում Մերձավոր Արեւելքում իրադարձությունների զարգացմանը, ստիպում է նրա դաշնակիցներին արմատական քայլերի դիմել։ Այս մասին The Wall Street Journal-ում հրապարակած համատեղ հոդվածում գրել են Բրուքինգի ինստիտուտի ավագ գիտաշխատող Քեննեթ Փոլլակը եւ Քալիֆորնիայի համալսարանի Սան Դիեգոյի Գլոբալ քաղաքականության եւ ռազմավարության դպրոցի պրոֆեսոր Բարբարա Ուոլթերը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է Մերձավոր Արեւելքում ԱՄՆ քաղաքականությունը ձախողվում։
Նրանց կարծիքով տարածաշրջանում Վաշինգթոնի ռազմավարությունն այս պահին ոչ միայն չի աշխատում, այլ նաեւ վախեցնում է վաղեմի դաշնակից սուննիներին, օրինակ, Սաուդյան Արաբիային, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Հենց ԱՄՆ քաղաքականությունն է նրանց ստիպում ռիսկային քայլերի դիմել, որոնցից է շիա քարոզիչ Նիմր ալ Նիմրի մահապատիժը եւ Եմենում քաղաքացիական պատերազմին մասնակցելու որոշումը։
Հեղինակները Վաշինգթոնի գլխավոր սխալն են համարում ԻՊ խմբավորման վրա սեւեռվելը։ Նրանց կարծիքով դա հավասարազոր է նրան, որ 1941թ. պատերազմ հայտարարվեր ոչ թե Հիտլերին եւ նացիստական կուսակցությանը, այլ ՍՍ ջոկատներին։
«ԻՊ ջիհադականները ընդամենը Մերձավոր Արեւելքում լուրջ հիվանդության ախտանիշներն են։ Մեր ուշադրությունը կենտրոնացնելով միայն այդ ախտանիշի վրա՝ մենք մեզ ձախողման ենք դատապարտում»,- վստահ են հեղինակները։
Վերլուծաբանները համեմատում են Մերձավոր Արեւելքում ամերիկյան եւ ռուսական ռազմավարությունները։ Նրանց խոսքով՝ Ռուսաստանը բռնել է Սիրիայի հակամարտության շիական կողմը՝ պաշտպանելով Սիրիայի ռեժիմն ու Իրանին։
Նրանք նշում են, որ տարածաշրջանում իրական խնդիրները ծագում են արաբական պետական համակարգի տապալումից։ Հենց այդ պատճառով տարածաշրջանում պետություններ են փլուզվում, եւ քաղաքացիական պատերազմներ են ծագում։ Հեղինակները կարծում են, որ ԱՄՆ հիմնական նպատակը պետք է լինի տարածաշրջանում քաղաքացիական պատերազմի դադարեցումը։
Փոլակն ու Ուոլթերը կարծում են, որ դրան հասնելու ճանապարհին 3 փուլ կա։ Առաջին հերթին՝ անհրաժեշտ է փոխել ռազմական դինամիկան այնպես, որ հակամարտության 2 կողմերն էլ վստահ լինեն հետագա ռազմական գործողությունների անօգուտության մեջ եւ կարողանան հանգիստ զենքը վայր դնել։ Երկրորդ հերթին՝ պետք է քաղաքական իշխանության եւ տնտեսական շահի արդար բաշխում ապահովել։ Երրորդ՝ հատուկ ինստիտուտների միջոցով հասնել նրան, որ առաջին 2 կետերը պահպանվեն։





























