Բոլոր քաղաքական կուսակցությունները՝ իշխող Հանրապետականից բացի, որը նեոքաղաքական կուսակցության մեկ այլ տարբերակ է, երեւանյան ֆենոմեններ են, դրանք գոյություն ունեն միայն Երեւանի Ազատության հրապարակի շուրջը: Այս մասին մարտի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Պետք է փոխել առհասարակ քաղաքական կուսակցությունների մշակույթը, պետք է փոխել քվեարկության տեսակը, կուսակցական աշխատանքի տեսակը: Իսկական քաղաքական կուսակցությունները ունեն լրատվական, ֆինանսական, փորձագիտական, մարդկային, կառավարչական ռեսուրսներ: Ես բավականին հարգանքով եմ վերաբերվում ցանկացած հայ քաղաքական գործչի, այդ թվում Օսկանյանին, բայց միայն նա չի կարող այդ ամենը ստեղծել»: Առայսօր, շարունակեց քաղաքական գործիչը, Հայաստանի բոլոր քաղաքական կուսակցությունները ստեղծվում էին որպես մեկանգամյա մեխանիզմ: «Երկրում ցանկացած կուսակցության ստեղծումը առաջիկա ընտրություններում հաղթելն է: Դրանք բոլորը ստեղծվում են ընտրությունների համար, որպես ջարդոն, որով հնարավոր է քանդել պատը: Կուսակցությունը ոչ թե ջարդոն է, այլ շարժիչ, որն անըդնհատ պետք է աշխատի: Կուսակցությունը յուրահատուկ քաղաքական մեխանիզմ է, որը աշխատում է մշտական ռեժիմով: Ես դեռ որեւէ մեկի մոտ նման կուսակցություն ստեղծելու ցանկություն չեմ տեսնում: Ինձ դժվար է պատկերացնել, որ Օսկանյանը կանի դա: Ուրախ կլինեմ, եթե սխալվեմ»,- ամփոփել է Ալեքսանդր Իսկանդարյանը:





























