Բրյուսելի ահաբեկչությունները երեւան հանեցին Եվրամիության թույլ կողմերը, կարծում է Le Figaro թերթը եւ նշում այն հիմնական թերությունները, որոնք Եվրոպային խանգարում են արդյունավետ պայքարել ահաբեկչության դեմ։ Le Monde-ն իր  հերթին նշում է, որ Բրյուսելի ահաբեկչությունները ի հայտ են բերել Բելգիայի իշխանությունների եւ ուժայինների սխալները։

Առաջին հերթին՝ Եվրամիության իշխանությունները, եթե անգամ իրական լիազորություններ ունեն, ապա դա հիմնականում վերաբերում է եվրոպական դրամավարկային քաղաքականությանը։ Ոստիկանությունը, ներքին անվտանգությունը, բանակն ու հետախուզությունը բացառապես 28 երկրներից յուրաքանչյուրի իրավասության ներքո են, եւ նրանք դժկամությամբ են կիսում ունեցած տեղեկությունները։

Երկրորդ հերթին՝ ԵՄ-ն ունի ահաբեկչության դեմ պայքարի մեկ համակարգող՝ բելգիացի Ժիլ դե Կերշովը, որը չունի ռեալ միջոցներ եւ անձնակազմ։ Europol-ը՝ ԵՄ ոստիկանական գործակալությունը, ավելի հագեցած է, սակայն լավագույն դեպքում այն մնում է որպես կապի հարթակ, իսկ վատագույն դեպքում՝ սովորական think-tank, այսինքն՝ ուղեղների կենտրոն։

Երրորդ՝ ԵՄ երկրները ոչ մի կերպ չեն կարողանում ընդունել օրենքների փաթեթը, որը թույլ կտար բացահայտել ահաբեկչության մեջ կասկածվող անձանց եւ արգելել նրանց մուտքը Եվրոպա։ Բելգիայի ուժային կառույցները խնդիրներ ունեն օդանավակայաններում եւ կայարաններում անվտանգությունն ապահովելու եւ զենքի վաճառքի դեմ պայքարի հետ, կարծում է Le Monde-ն։

Եվս մեկ թույլ կողմ է Բելգիայի ուժային կառույցներում կադրերի եւ միջոցների սղությունը։ Բելգիան ջիհադականների շարքերում կռվելու մեկնած քաղաքացիների թվով Եվրոպայում առաջատար է (բնակչության հարաբերակցությամբ), եւ բելգիացի ուժայինները ծանրաբեռնված են աշխատանքով։

Եվ վերջապես, գրում է Le Figaro-ն, Բելգիայի կառավարման ողջ համակարգն այնպես է կառուցված, որ ցանկացած արագ համակարգում գրեթե անհնար է։ Օրինակ՝ միայն Բրյուսելում կա ոստիկանական 6 տարբեր ծառայություն։ Ահաբեկչության մեջ կասկածվողների վերահսկողությունն իրականացնում են պետական 4 կառույցներ՝ դաշնային ոստիկանությունը, տեղի ոստիկանությունը, անվտանգության ծառայությունն եւ անվտանգության ռազմական ծառայությունը։