Բրյուսելի ահաբեկչությունների մասին խոսելիս իրադարձությունների պարզ շարադրումից բացի, կարեւոր է հիշել ոչ վաղ անցյալի դեպքերը, որպեսզի հասկանանք, թե ինչպես հասանք սրան, գրում է Inosmi-ն՝ վկայակոչելով Il Giornale պարբերականը։
2011թ. մարտի 5-ին Le Journal du Dimanche պարբերականին տված հարցազրույցում գնդապետ Մուամմար Քադաֆին դիմեց իրեն ռմբակոծող Եվրոպային. «Մենք բոլորս ահաբեկչության դեմ ընդհանուր պայքար ենք մղում։ Մեր հետախուզությունները համագործակցում են։ Մենք շատ ենք ձեզ օգնել վերջին տարիներին։ Եթե դուք մեզ սպառնում եք, եթե դուք մեզ ապակայունացնում եք, ապա դա իրարանցման կհանգեցնի։ Ահա թե ինչ տեղի կունենա։ Դուք կունենաք միգրանտներ, հազարավոր մարդիկ Լիբիայով կթափանցեն Եվրոպա։ Եվ ոչ ոք նրանց չի կանգնեցնի։ Բեն Լադենը կհասնի ձեր դռներին։ Ուզում եմ, որ դուք հասկանաք. իրադրությունը ծանր է, այն ծանր է ամբողջ Արեւմուտքի եւ Միջերկրական ծովի համար։ Ակնհայտ է, որ ահաբեկչությունը սպառնում է տարածվել միջազգային մակարդակով»։
2013թ. հունիսի 18-ին Սիրիայի նախագահ Բաշաք Ասադը Frankfurter Allgemeine Zeitung-ի հետ զրույցում ասել էր. «Եթե եվրոպացիները զենք մատակարարեն Սիրիայի ապստամբներին, ահաբեկչությունը հարված կհասցնի Եվրոպային ներսից, եւ Եվրոպան թանկ կվճարի դրա համար»։
Արաբական երկրների ղեկավարներն արեւմտյան համառության միակ զոհերը չեն։ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը 2015թ. հոկտեմբերին CNN-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե արդյոք Իրաք ներթափանցումը չծնեց ԻՊ խմբավորումը, ասել էր հետեւյալը. «Դրանում ճշմարտության հատիկ կա իհարկե։ Չի կարելի ասել, որ մեզնից նրանք, ովքեր տապալեցին Սադամին, պատասխանատու չեն 2015թ-ին կատարվածի համար»։
Վերջերս ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Հիլարի Քլինթոնը ստեղծել է ԻՊ-ը։ Իհարկե Թրամփը հայտնի է իր էքսցենտրիկությամբ, սակայն այն, որ ԱՄՆ հնարավոր ապագա նախագահը նման մակարդակի հայտարարություններ է անում, տպավորիչ փաստ է։
Այս ցուցակը կարելի է անվերջ շարունակել... Բայց արդեն պարզ է դառնում, որ ահաբեկչության խնդիրը առաջին հերթին քաղաքական է։ Որոշ արաբական երկրների նկատմամաբ Արեւմուտքի ագրեսիվ քաղաքականությունը ծնեց գլոբալ ահաբեկչության հրեշին։ Այսօր այն ուղղվել է իրեն կյանք տվողի դեմ։ Չմոռանանք, որ Սիրիան, Իրաքն ու Լիբիան ժամանակակից ամենաաշխարհիկ արաբական պետություններից էին։
Արեւմուտքի քաղաքական ընտրությունը կանգ առավ նրա վրա, որ իրեն դաշնակից ընտրի արաբական այն երկրներին, որոնք աջակցում եւ սնում են ԻՊ-ին հարող սալաֆիական շարժումները։ Խոսքը Սաուդյան Արաբիայի եւ Պարսից ծովի նավթային տերությունների մասին է, որոնց կողքին սերտ կանգնած է Թուրքիան։
Մեկ այլ քաղաքական լուծում է այն, որ Արեւմուտքը հրաժարվում է ահաբեկչության դեմ համատեղ պայքարի համար Մոսկվայի հետ մերձեցումից։
Բրյուսելի ահաբեկչության անմեղ զոհերին խղճալ եւ միաժամանակ համառել անցյալի սխալներն ընդունելու հարցում պարադոքս է։ Արեւմուտքը չի կարող կամ չի ուզում դուրս գալ թունելից, որտեղ ինքն է իրեն մտցրել։ Սա Եվրոպայի ինքնասպանությունն է։





























