Մամուլում լուրեր են հրապարակվել այն մասին, որ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության ղեկավարության կողմից ծրագիր է մշակվել քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դեմ սկսել կիրառել նոր հալածանքներ: Այս կապակցությամբ հայտարարություն է տարածել Հայաստանի քաղաքական բանտարկյալների  եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն, որում մասնավորապես, ասվում է.

«Մամուլում նշվում է, որ քրեակատարողական վարչության ղեկավարությանը ՀՀ ամենավերին իշխանական օղակներից հրահանգված է քրեական տարրերի ներգրավմամբ բռնաճնշումներ սկսել «Կոշ» ՔԿՀ-ում պահվող «Հայկական Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դեմ: Նպատակը` մամուլում ծավալած նրա հրապարակախոսական գործունեությունը կանխելն է: Նշանակալի է այն հանգամանքը, որ  քաղբանտարկյալին լռեցնելու իրենց նպատակին հասնելու համար  ՀՀ իշխանությաունները փորձում են օգտագործել քրեական աշխարհը, գործելաոճ, որ լայնորեն կիրառվում էր խորհրդային կալանավայրերում:

Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն կոչ է անում ՀՀ-ում գործող հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներին, իրավապաշտպաններին, լրագրողներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, բոլոր շահագրգիռ մարդկանց,  ՀՀ քաղաքացիներին, անկախ իրենց քաղաքական հայացքներից ու կողմնորոշումներից իրենց ձայնը բարձրացնել ի պաշտպանություն ՀՀ կալանավայրերում պահվող բոլոր քաղաքական բանտարկյալների եւ, այս կոնկրետ դեպքում, ի պաշտպանություն քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի:

Միայն մեր համատեղ բողոքի ու պայքարի արդյունքում է հնարավոր չեզոքացնել այն վտանգը, որ կախված է Նիկոլ Փաշինյանի գլխին:

Այսօր միասին պաշտպանելով Նիկոլ Փաշինյանին եւ մյուս քաղբանտարկյալներին մենք պաշտպանում ենք մեզ, մեր ազատ ապրելու, մեր ազատ արտահայտվելու, մեր ապագան ազատ ու անկաշկանդ կերտելու իրավունքը»:

Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն այցելել են Նիկոլ Փաշինյանին, եւ վերջինս հերքել է, թե իր նկատմամբ հալածանքներ են իրականացվում, թեեւ չի բացառել, որ տեսականորեն այդպիսիք լինեն: