Բանտարկությունը չդադարեցրեց այն գործունեությունը, որ ադրբեջանցի իրավապաշտպաններն իրենց երկրում ծավալում են հանուն մարդկային արժանապատվության: Այս մասին գրում է իտալական Osservatore Balcani e Caucaso պարբերականը: Հոդվածում, մասնավորապես ասվում է:
«Ուրախությունը տարբեր դրսեւորումներ է ունենում: Բայց կա նաեւ առանձնահատուկ ուրախություն. անարդարացիորեն դատապարտված սիրելիներին վերջապես ազատության մեջ տեսնել: Բայց Ադրբեջանում դա շատերին է լավ ծանոթ: Դրանք քաղբանտարկյալների ընտանիքներն են:
Յունուսներ
Ամստերդամի օդանավակայանում Amnesty International-ին տված հարցազրույցում Լեյլա Յունուսը հայտարարեց, որ նույնիսկ մեկնելուց մեկ օր առաջ իրենց թվում էր, որ դա երազ է, որ տեղաշարժվելու եւ Ադրբեջանից հեռանալու թույլտվություն իրենք չեն ստանա: Ծնողներին ծաղիկներով սպասում էր դուստրը, որն Ամստերդամում բնակվում է 2009 թվականից:
2014 թվականի ամռանն այս ընտանիքը երկու մասի բաժանվեց: Նախ ձերբակալեցին Լեյլային, մեկ շաբաթ անց նաեւ նրա ամուսնուն՝ Արիֆին: Ամուսիններին մեղադրեցին պետական դավաճանության, անօրինական բիզնես վարելու մեջ եւ 2015 թվականի օգոստոսին դատապարտեցին, համապատասխանաբար, 8.5 եւ 7 տարի ժամկետով ազատազրկման: Հնարավոր չէ պատկերացնել, թե ինչի միջով են նրանք անցել:
2015 թվականի դեկտեմբերին Բաքվի դատարանը, ամուսինների առողջական խնդիրների պատճառով, փոխեց նրանց պատիժը՝ սահմանելով պայմանականորեն վաղաժամ ազատ արձակում:
«Լեյլա եւ Արիֆ Յունուսները խաղաքարտի վրա դրեցին իրենց անվտանգությունն ու երջանկությունը՝ հանուն ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համար պայքարի»,- հայտարարեց Նիդեռլանդների ԱԳ նախարար Բերտ Կունդերսը:
14-ի ցուցակը
Մեկ այլ անակնկալ դարձավ Նովրուզի տոնի առիթով 14 հայտնի քաղբանտարկյալների համաներումը: Ալիեւի ռեժիմի համար դա կարող էր Միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցելու նպատակով Վաշինգտոն նախանշված Ալիեւի այցի գլխավոր փորձը լինել:
Նրանք, ում ներում չշնորհեցին
Ռաուֆ Միրկադիրովին դատարանի որոշմամբ ազատ արձակեցին, բայց վերջնականապես չազատեցին. 6-ամյա բանտարկությունը փոխարինեցին 5-ամյա պայմանականով:
10 օր անց ազատ արձակվեց Ինտիգամ Ալիեւը՝ գրեթե նույն պայմաններով (7.5 տարվա ազատազրկումը փոխարինվեց պայմանական պատժով):
Բայց միայն Ալիեւն է որոշում, թե ով պետք է ազատության մեջ լինի, ով՝ ոչ: Լրագրո Հադիջա Իսմաիլովան, լրագրող Սեյմուր Գեզին, երիտասարդ ակտիվիստ Իլկին Ռուստամզադեն, քաղաքական ակտիվիստ Իլգար Մամեդովը դեռեւս ռեժիմի գերին են:
Բայց դա չխանգարեց արտերկրում նրանց ճանաչմանը: Խոշոր միջազգային կազմակերպությունները շարունակում են նրանց պարգեւատրել քաջության, վճռականության եւ պայքարի համար:
Հադիջայի հերթական պարգեւը նրա փոխարեն ստացավ մայրը՝ Էլմիրա Իսմաիլովան:
«Գիտեմ, որ իմ դստերը ձերբակալեցին այն բանի համար, որ նա ճիշտ ուղու վրա էր կանգնած: Եթե ձերբակալում են մարտիկին, ապա վիրավոր է ոչ թե նա, այլ նրանք»,- Հելսինկիում մամուլի ազատության համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակը ստանալուց հետո BBC-ի ադրբեջանական ծառայության եթերում հայտարարեց Իսմաիլովան:
Ազատազրկումից հետո Հադիջան նաեւ մի շարք այլ մրցանակներ է ստացել, այդ թվում՝ ամերիկյան PE կենտրոնի եւ ԱՄՆ-ի Մամուլի ազգային ակումբի կողմից:
Իր խոսքում, որը կարդաց նրա մայրը, Հադիջան խնդրում էր հիշել սեփական տանը սպանված լրագրող Էլմար Հուսեյնովին եւ նրա սպանության անպատժելիությունը»:





























