Իտալիայում նոր օրենք է ընդունվել միջոցառումներ շարքի մասին, որոնք նախատեսված են ամեն տարի որպես աղբ թափվող փչացած սննդամթերքի վիթխարի ծավալը կանխելու համար:
Օրինագիծը, որին կողմ է եղել 181 սենատոր, 2 դեմ եւ 16 ձեռնպահ, նպատակ ունի սննդամթերքի տարեկան թափոնի 5 մլն թիվը հասցնել 1 մլն-ի, փոխանցում է BBC-ն:
Կառավարությունը գտնում է, որ սննդամթերքի ծախսը երկրի տնտեսության եւ բնակիչների համար կազմում է ավելի քան 12 մլրդ եվրո: Որոշ տվյալներով՝ դա կարող է կազմել Իտալիայի ՀՆԱ 1 տոկոսը:
Մինչեւ նոր օրենքի ընդունումը, արտադրողները եւ վաճառողները դժվարությունների էին բախվում ոչ պիտանի սննդամթերքի ծավալը կրճատելու հարցում: Օրինակ՝ շատերը վախենում էին խախտել հիգիենայի եւ անվտանգության ստանդարտները բարեգործական ընկերություններին մթերք նվիրաբերելիս՝ դրանց ժամկետանց լինելու պատճառով: Նոր օրենքը կթեթեւացնի այդ գործընթացը՝ վաճառողներին ազատելով սահմանված սանիտարական խիստ ստանդարտներին հետեւելուց: Այժմ ընկերությունները կարող են ամիսը մեկ անգամ պարզապես փաստաթուղթ լրացնել, որը գրանցում է նրանց նվիրատվությունը: Նրանցից հանվում է ժամկետանց մթերքի վաճառքի պատասխանատվությունը, բացի այդ՝ որքան շատ նվիրաբերեն, այնքան քիչ հարկ կվճարեն:

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























