Մարսելի ջրաշխարհներից մեկի ղեկավարությունը բուռն քննադատության է ենթարկվել՝ իր հաստատությունում Բուրկինիի օր անցկացնելու համաձայնություն տալու համար: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Le Figaro-ն:

Speedwater Park ջրաշխարհի տնօրինությունը համալիրը մեկ օրով վարձույթով հանձնել է Smile13 հասարակական կազմակերպությաը՝ մահմեդական կանանց համար փակ միջոցառում անցկացնելու նպատակով, որոնք լողալու են բուրկինիով. հատուկ լողազգեստ մահմեդական կանանց համար, որը ոտքից գլուխ ծածկում է մարմինը:

Աջ կողմնորոշմամբ քաղաքական գործիչները քննադատել են միջոցառման անցկացումը, որոնք դրանում աշխարհիկ պետության կարգերի խախտում են տեսնում: «Դա հանգեցնում է հասարակության բաժանմանը եւ ֆունդամենտալիստներին օգնում իրենց կամքը պարտադրել կանանց»,- հայտարարել է Հանրապետական կուսակցությունից Մարսելի երկու շրջանների ներկայացուցիչ Վալերի Բուայեն:

Հանրային վայրերում կանանց դեմքն ամբողջությամբ ծածկող գլխաշոր կրելու արգելքը Ֆրանսիայում գործում է 2011 թվականից: Այս երկրում փարաջա հագնելու համար 150 եվրոյի չափով տուգանք է սահմանված: