Ամերիկյան Մոհավի անապատում մոտակա տարիներին կհայտնվեն մարսյան քաղաք-բնակավայրի նախատիպեր, որոնք կստեղծվեն 3D տպագրության տեխնոլոգիայի միջոցով: Դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Mars City Design նախագծի հիմնադիր Վերա  Մուլիանին Kickstarter առցանց հարթակում անհրաժեշտ միջոցներ է հավաքել համանման գիտաժողովի անցկացման համար, հայտնում է  Newsru-ն: 

Մուլիանիի նախագիծը հիմնադրվել է 2015 թվականին` ինքնածախսածածկող մարսյան քաղաքների նախագծեր ստեղծելու համար: Նախագծի հաջորդ փուլը կդառնա Մոհավի անապատում փորձարարական տարածքում քաղաքների նախատիպերի շինարարությունը եւ փորձարկումը:   

Այս տարվա ընթացքում` ավելի վաղ, տիեզերական ոլորտի փորձագետներից կազմված ժյուրին եզրափակիչ դուրս եկած  25 նախագիծ էր ընտրել: Mars City Design-ի մասնակիցները կընտրեն դրանցից երեք ամենահաջողը, որոնք կտպագրվեն 3D տպիչով եւ անապատում կփորձարկվեն հաջորդ երեք տարվա ընթացքում: