Ֆրանսիայի Բարձրագույն աուդիովիզուալ խորհուրդը France 2-ի նկատմամբ պատժամիջոցների կիրառման գործընթաց է սկսել: Դրա պատճառ է դարձել հուլիսի 14-ին Նիսում ահաբեկչական գործողության լուսաբանման ընթացքում այդ հանրային հեռուստաալիքի լրագրողների աշխատանքը, հայտնում է  RFI-ն: 

Շատ հեռուստադիտողներ Բարձրագույն աուդիովիզուալ խորհրդին են դիմել` բողոքելով  France 2-ի դեմ: Նրանց ցնցել է ահաբեկչական գործողության ականատեսի հարցազրույցը, որը լրագրողները ձայնագրել են նրա սպանված կնոջ անմիջական հարեւանությամբ, որը պառկած է եղել ասֆալտին` ծածկոցի տակ: 

Հեռուստադիտողները եւ այլ լրագրողներ համարել են, որ հեռուստաալիքի ղեկավարությունը, որը որոշում է կայացրել այդ հարցազրույցը եթեր հեռարձակել,   «խախտել է մարդկային արժանապատվության սկզբունքը»: Դրանից հետո France Télévisions մեդիախումբը ներողություն է խնդրել:

Այնուամենայնիվ, այն մարմինը, որը լիազորված է հետեւել լրագրողական էթիկայի պահպանմանը, որոշել է անկախ զեկուցողի հանձնարարել զբաղվել այդ գործով: Նա էլ հենց պետք է որոշի, թե անհրաժեշտ է արդյոք հեռուստաալիքին պատժել Նիսի ահաբեկչական գործողությունների լուսաբանման համար: 

Հիշեցնենք, որ Նիսում ահաբեկչական գործողության հետեւանքով 85 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը վնասվածքներ են ստացել: