Արաբական Միացյալ Էմիրությունների գիտնականները գիշերային դիտման խցիկների օգնությամբ Աբու Դաբի էմիրությունում ֆիքսել են երեք արաբական անապատի կատվի (Felis margarita harrisoni): Մինչ այդ այս հազվագյուտ կենդանուն երկրի տարածքում միայն մի քանի անգամ են տեսել (վերջին անգամ՝ 2005 թվականին), ըստ որում՝ դիտարկումները չէին հաստատվել նկարահանմամբ: European Journal of Wildlife Research-ում հրապարակված դիտարկումների մասին հայտնել է N+1-ը:
Շրջակա միջավայրի վարչության աշխատակիցները 2015-ի մարտից դեկտեմբեր Աբու Դաբիի Բայնունա պահպանվող գոտում հետեւող տեսախցիկներ էին տեղակայել: Այդ ժամանակահատվածում նրանց հաջողվել է 46 նկար ստանալ, որոնցում պատկերված են արաբական կատվի երեք առանձնյակներ: Նրանց մեկը հավանաբար որձ է եղել, մյուս երկուսի սեռը չի հաջողվել որոշել:
Արաբական անապատի կատուն թաքնված եւ բավական հազվագյուտ կենդանի է, որը վարում է խիստ գիշերային կենսակերպ: Այն առաջին անգամ նկարագրվել է 1950 թվականին: Այդ պահից ի վեր միայնակ առանձնյակներ են նկատվել Արաբական թերակղզում, Եգիպտոսի հյուսիս-արեւելքում, Սիրիայում եւ Հորդանանում: Դիտարկումների բարդության պատճառով բնական պոպուլյացիայի վիճակի մասին գործնականում ոչինչ հայտնի չէ:





























