Թայլանդի Հեռուստառադիոհեռարձակման եւ հեռահաղորդակցության ազգային հանձնաժողովը  (ՀՀԱՀ) նախատեսում է սահմանափակել Pokemon Go խաղի թայլանդական   «աշխարհագրությունը»` դրանից բացառելով հիվանդանոցները, բուդդայական տաճարները, թանգարանները, որոշ պետական հաստատություններ եւ թագավորական պալատները: Այդ մասին հայտնել է հանձնաժողովի գլխավոր քարտուղար Տակհոն Տանտասիտը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:    

Նրա խոսքով, անհրաժեշտ է անվտանգության միջոցներ եւ կանոններ մշակել, որոնք մի կողմից խաղացողներին կպաշտպանեն դժբախտ դեպքերից, իսկ մյուս կողմից կապահովեն Pokemon Go չխաղացող քաղաքացիների հանգիստը: Նա հայտնել է, որ երեքշաբթի Հանձնաժողովի շենքում առաջին խորհրդակցությունը տեղի կունենա խաղի պրովայդերների հետ, որի ընթացքում ՀՀԱՀ-ն կներկայացնի անհրաժեշտ կանոնների եւ սահմանափակումների իր տեսլականը: Դրանց ներդրման վերաբերյալ հրամանը կմշակվի պրովայդերների մասնակցությամբ  եւ կհրապարակվի նրանց հետ համաձայնեցումից հետո, հայտնել է Տանտասիտը: