Իսրայելի Գերագույն դատարանը հաստատել է Ֆրանց Կաֆկայի ձեռագրերը մասնավոր սեփականատերերից առգրավելու մասին դատավճիռը, հայտնում է   Associated Press-ը:

Իսրայելի Ազգային գրադարանի հայտարարությունից հայտնի է դառնում, որ դատարանը գրադարանն է համարել   «նախընտրելի վայր» գրողի չհրապարակված աշխատանքների պահպանման համար: Գրադարանից նաեւ խոստացել են լայն հանդիսատեսի համար հասանելի դարձնել ձեռագրերը: Նշվում է, որ Գերագույն դատարանի որոշումն ավարտել է   բազմամյա «կաֆկայան դատավարությունը»:

Հայտնի է, որ Կաֆկան այրել է իր ստեղծագործությունների մոտ  90 տոկոսը:  41 տարեկանում գրողի մահից հետո նրա գրասեղանում Մաքս Բրոդին ուղղված նամակ է հայտնաբերվել: Կաֆկան խնդրել է ոչնչացնել մնացած ձեռագրերը: Բրոդը չի կատարել խնդրանքը, ինչի շնորհիվ հրապարակվել են  «Դատավարություն», «Դղյակը», «Ամերիկա» վեպերը, Կաֆկայի օրագրային գրառումները եւ նամակները: 

1939-ին Բրոդը նացիստների հետապնդման հետեւանքով Պրահայից Պաղեստին է փախել: Հետագայում նա ձեռագրերի երկու երրորդը փոխանցել է Օքսֆորդում Բոդլեյն գրադարանին: Ձեռագրերի մնացած մասն էլ դատավարության առիթ է դարձել: Բրոդը ձեռագրերը ժառանգել է իր քարտուղարուհուն` Էսթեր Հոֆֆեին,  2007-ին նրա մահից հետո գրական հավաքածուն անցել է նրա դուստրերի ձեռքը: