Հայաստանի կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 14-ին կայացած նիստում հավանություն է տվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» եւ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերին։
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայանության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ սույն փաթեթը նպատակ ունի կարգավորել մասնագիտացված կազմակերպությունների կողմից ընկերության բաժնետերերի ռեեստրում ներառված տեղեկությունների թույլատրելի օգտագործման հետ կապված հարցերը, ինչպես նաեւ արգելել բաժնետերերի անհատական տվյալներ բովանդակող տեղեկությունների տարածումը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը սույն օրենքների փոփոխությունները կարեւորել է այն հանգամանքով, որ մեր քաղաքացիներն այսուհետեւ կկարողանան իմանալ, թե ովքեր են բաժնետիրական ընկերությունների սեփականատերերը։ «Մեր պետությունը պարտավոր է համապատասխան միջավայր ապահովել, որպեսզի այդ տեղեկությունը բաց լինի բոլոր ձեռնարկությունների համար», - նշել է վարչապետը։




























