Սպառողների ազգային ասոցիացիան հացի եւ հացաբուլկեղենի խտացված ստուգումները սկսել է 2006 թվականից։ Հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիս ժամանակ հայտարարեց ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը՝ միաժամանակ հավաստիացնելով, որ ոլորոտում ստուգումները պարբերական բնույթ են կրում։

Նրա խոսքով, մի քանի տարի առաջ հացի որակը սարսափելի էր։ «Հիմա էլ տարբերությունը մեծ չէ։ Միակ տարբերությունն այն է, որ եթե այն ժամանակ հացի որակի բարելավիչները Հայաստան բերվում էին հիմնականում Թուրքիայից եւ Իրանից, ապա այժմ, կառավարությունը, հաշվի առնելով մեր զգուշացումները, բարելավիչներ թույլ է տվել ներմուծել միայն  եվրոպական երկրներից։ Սակայն որքան էլ որակյալ լինեն վերջիններս, միեւնույն է, հացի մանր եւ միջին արտադրամասերում դրանք խմորի մեջ լցվում են խիստ անկանոն կերպով՝ շերեփով կամ բաժակով։ Այդ է պատճառը, որ ի տարբերություն եվրոպացիների, ովքեր օրական օգտագործում են ամենաշատը 150 գրամ հաց, մենք՝ հայերս, ուտելով 2-3 անգամ ավելի շատ հացամթերք, փաստորեն ավելի մեծ չափով բարելավիչներ ենք ընդունում»,- նշեց Մելիտա Հակոբյանը։

Նրա խոսքով, հացի որակի բարելավիչներն օգտագործվում են խմորի հասունացման գործընթացն արագացնելու համար։ «Բարելավիչները, որ ազգաբնակչության շրջանում առավել հայտնի են վիտամին անունով, խմորը հասունացնում են 3 ժամում։ Սակայն դրանք այնքան էլ անվտանգ չեն եւ ժամանակի ընթացքում կուտակվում են մարդկանց լյարդում, երիկամներում եւ արյունատար անոթներում՝ առաջացնելով մի շարք հիվանդություններ»,- ընդգծեց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահը։

Նա նաեւ տեղեկացեց, որ  ասոցիացիան կառավարությանն առաջարկել է հացի արտադրության պարզ ընթացակարգը բարդացնել, բայց չգիտես ինչու՝ կառավարությունն անընդհատ ձգձգում է այդ ուղղությամբ աշխատանքներ սկսելը։ «Ինչ վերաբերում է այսօր վաճառվող հացի որակի վերահսկողությանը, ապա այն իրականացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչությունը։ Մեր ասոցիացիան թեպետ ոչ մի անգամ չի հանդիպել գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանին եւ նրա հետ հաղորդակցվում է միայն նամակների միջոցով, սակայն  մենք միշտ բարձրաձայնում ենք ոլորտում առկա խախտումների եւ թերացումներիկ մասին»,- ամփոփեց Մելիտա Հակոբյանը։