Հայկական ծագմամբ ամերիկացի հայտնի բժիշկ Հրայր Կարապետյանից գողացել են Հայաստանի նախագահի նվիրած շքանշանը:
Կարապետյանի խոսքով, միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին: Գողացվել են թանկարժեք զարդեր, ընտանեկան արժեքներ եւ շքանշանը, որը բժիշկը ստացել էր կամավորական աշխատանքի համար: Գողը իրերը դրել է բարձերեսի մեջ եւ տարել, հայտնում է nwcn.com-ը:
Կարապետյանը շքանշանի էր արժանացել 2012 թվականին` Հայաստանում աշխատելու համար: «Շքանշանն այնքան թանկ է ինձ համար: Ոմանք ասում են, թե այն ընդամենը բրոնզից է պատրաստված, ոչինչ չարժե, բայց ինձ համար շատ բան արժե»,- հայտնել է Կարապետյանը:
Ոստիկանությունն արդեն ձերբակալել է կասկածյալ Ռուբեն Միլլերին: Հետաքննության համաձայն, նա ընկերուհուն տնից գողացված մատանիներ է նվիրել: Որոշ զարդեր հայտնաբերվել են գրավատանը, սակայն, բժշկի խոսքով, հայ ոսկեգործների ստեղծած` մի քանի հազար դոլար արժողությամբ զարդերը դեռեւս չեն հայտնաբերվել:


























