Տաթեւի վերակառուցման համար կազմակերպված i-Buy բարեգործական ակցիայի խաղարկության հաղթող Վահան Վարդանյանն արդեն այցելել է Տաթեւի վանական համալիր, նստել ճոպանուղի եւ հիմա վառ տպավորություններով պատրաստվում է վերադառնալ Ռուսաստան:
«Տաթեւում մինչեւ այդ չէի եղել, շատ տպավորված եմ: Լինելով ճարտարագետ առաջինը նայում էի, թե ինչպե՞ս է ճոպանուղին կառուցված: Մեզ հետ ճոպանուղի էր նստել նաեւ արտադրող կազմակերպության ներկայացուցիչը եւ մենք բավականին հարցեր էինք տալիս: Երբ դուրս եկանք ճոպանուղուց շատ ուժեղ քամի էր, սակայն ճոպանուղու մեջ չէր զգացվում: Նշանակվում է` այն շատ լավ է կառուցված»,- հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վահան Վարդանյանը:
Ի դեպ նա անակնկալի է եկել, երբ իմացել է, որ հաղթել է առցանց բարեգործական ակցիայում.
«Երբ ծրագրին դիմում էի, առաջինը, ինչը մտածում էի իմ լուման ներդնելն էր ծրագրի մեջ: Չէի մտածում, որ կհաղթեմ եւ արդեն պլանավորում էի լինել Հայաստանում ուրիշ առիթով` ֆինասնական ֆորումին մասնակցելու համար»,-ասաց նա` հավելելով, որ իր հաղթանակի մասին առաջինն իրեն տեղյակ են պահել ընկերներն` էլեկտրոնային փոստով:
Մյուս հաղթողը, շվեյցարիացի Ջուլիա Մոեքլին Տաթեւ կայցելի մայիս ամսին, քանի որ նա մեկնել է Հայաստանից հենց ճոպանուղու բացման օրը:
Նշենք, որ օգոստոսի 23-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը Տաթեւի վերակառուցման համար կազմակերպվել էր i-Buy առցանց բարեգործական ակցիա: Օն-լայն ռեժիմով նվիրատվություն կատարողները միաժամանակ մասնակից էին դառնում խաղարկությանը, որի ժամանակ էլ ընտրվել են երկու հաղթողներ` Ռուսաստանից Վահան Վարդանյանը եւ Շվեյցարիայից Ջուլիա Մոեքլին: Ակցիայի ընթացքում հավաքվել է 5000 դոլար, եւ այն ուղղվել է Տաթեւի վերականգնմանը:




























