Գյուղատնտեսական կրթության եւ ագրոպարենային ոլորտում Հայաստանի պետական ագրարային համալսարանի դերն անգնահատելի է։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, բուհի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ հղած իր շորհավորական խոսքում նման գնահատական տվեց Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով, Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսանողներն ու շրջանավարտները համալսարանից ստացել են ոչ միայն կրթություն եւ գիտելիքներ, այլ նաեւ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում, սեփական մտքերն արտահայտելու հնարավորություն, հայրենասիրություն եւ նվիրվածություն։ «Այս բուհի շրջանավարտներից շատերն այժմ պետական բարձր պաշտոններ են զբաղեցնում։ Իհարկե, պետության աջակցությունն այս բուհին եւ ընդհանրապես ագրոկրթությանը շատ մեծ է եղել։ Կառավարության գերակայությունների շրջանակում դյուրացվեց ընդունելությունը ագրոհամալսարան։ Ավելացվեցին պետական պատվերով տեղերը։ Պետության կողմից խրախուսվում է բոլոր բուհերի եւ հատկապես Ագրարային համալսարանի կրթության բուրգի վերածվելու քաղաքականությունը, այն է՝ ստեղծել կրթական շղթա, որը կսկսվի ավագ դպրոցներում նախամասնագիտական կրթություն ստանալուց, կշարունակվի միջին մասնագիտական հաստատություններում եւ որի գագաթնակետը կլինի բուհական եւ հետբուհական կրթությունը։ Իհարկե անելիքներն այս ասպարեզում շատ են։ Ագրարային համալսարանը, ինչպես նաեւ այլ համալսարաններ, ունի կրթական գործընթացներ արդիականացման, միջազգայանացման, բուհական կադրերի պահանջակի հարցը լուծելու եւ մի շարք այլ խնդիրներ։ Մաղթում եմ, որ Ագրարային համալսարանը գտնի այն գաղտնիքը, որը թույլ կտա ցանել մի բան, իսկ հետո հնձել մեկ այլ բան»,- ամփոփեց նախարարը:




























