Հոկտեմբերի 16-20-ը Պրահայում կայացել է չեխական Golden Prague մշակութային հեռուստաֆիլմերի միջազգային 47-րդ փառատոնը: Այն բավականին հեղինակավոր փառատոն է, որ յուրաքանչյուր տարի կազմակերպում է չեխական CT հանրային հեռուստատեսությունը: Դեսպանության եւ CT հեռուստատեսության ղեկավարության համագործակցության արդյունքում  փառատոնին առաջին անգամ մասնակցել է նաեւ Հայաստանը` հանձինս «Արարատ» մշակութային հեռուստաալիքի, իսկ փառատոնի գլխավոր հովանավորությունը ստանձնել է չեխահայ գործարար Գեւորգ Ավետիսյանը:

Փառատոնի բացման օրը` հոկտեմբերի 16-ին,  CT հեռուստատեսությանը հարցազրույց է տվել դեսպան Աշոտ Հովակիմյանը` իր գոհունակությունը հայտնելով, որ փառատոնին «Արարատ» հեռուստաալիքի մասնակցությամբ չեխ հեռուստադիտողը հնարավորություն է ստանում ծանոթանալ հայկական մշակույթին:

Հոկտեմբերի 17-ին «Արարատ» հեռուստաալիքը փառատոնի շրջանակներում ներկայացրել է   իր կողմից պատրաստված տեսաֆիլմը հեռուստաալիքի ծրագրերի վերաբերյալ: Տեսաֆիլմում ներկայացված էր հայկական մշակույթն իր բազմազան ժանրերով: Միջոցառմանը ներկա են եղել փառատոնի ղեկավարությունը, չեխական տարբեր հեռուստաալիքների եւ մշակույթի ոլորտի, փառատոնին մասնակից երկրների, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ: «Արարատ» հեռուստաալիքի տեսաֆիլմը ցուցադրվել է նաեւ CT հեռուստատեսությամբ: