Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցների հոկտեմբերի 19-21-ին Վայոց Ձորի մարզի Խաչիկ համայնք կատարած այցելության ընթացքում հարց է բարձրացվել, որ համայնքը լինելով սահմանամերձ գոտի եւ գլխավոր ճանապարհից հեռու լինելով հանդերձ /հաշվի առնելով նաեւ ճանապարհի բարդ ռելիեֆն ու ոլորանները/ չունի հրշեջ մեքենա:
Այս կապակցությամբ Հայաստանի Օմբուդսմեն Արմեն Հարությունյանը նամակ է հղել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին, որում ասվում է.
«Որեւէ պատահար լինելու դեպքում հրշեջ մեքենան կարող է դեպքի վայր հասնել 2-3 ժամվա ընթացքում: Խնդրի լուծումը ռազմավարական նշանակություն ունի նաեւ այն պատճառով, որ համայնքում տեղակայված է զինվորական գումարտակ: Բարձրացված հարցը քննարկվել է նաեւ մարզպետի տեղակալ Ս. Թարվերդյանի հետ, որը հայտնելով խնդրի կարեւորության մասին, հավելել է, որ մինչ Հայաստանի անկախացումը` խորհրդային տարիներին գյուղում եղել է առանձին հրշեջ մեքենա:
Ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքով ինձ տրված լիզորություններով` խնդրում եմ հանձնարարել քննարկել բարձրացված հարցը եւ արդյունքների մասին տեղեկացնել»:




























