2017-ին Հայաստանից Վրաստան էլելկտրաէներգիայի միջանցքի արդիականացման համար բյուջեից մոտ 1,1 մլրդ դրամ կհատկացվի: Այս մասին ասված է 2017-ի պետբյուջեի նախագծում, որի քննարկումն ընթանում է խորհրդարանում:

Աշխատանքն ընթանում է «Էլեկտրահաղորդման կովկասյան ցանց 1» նախագծի շրջանակներում, որի գլխավոր դոնորը Զարգացման վարկերի գերմանական բանկն է:

Վարկային միջոցներից 2017-ի ծրագրի համար կհատկացվի 712 մլն դրամ, բյուջեից՝ 380 մլն:

Ծրագրի համաֆինանսավորումը կիրականացվի Եվրոպական հարեւանության քաղաքականության ներդրումային գործիքի տեսքով՝ 920 մլն դրամ:

Ծրագրի նպատակն է մոտ 3 անգամ մեծացնել Հայաստանի եւ Վրաստանի էներգահամակարգերի միջեւ անցունակությունը: Դրա համար, մասնավորապես, պլանավորվում է 500/400 կՎ լարումով ենթակայան կառուցել Այրումում: Պլանավորվում է Հրազդանի ՋԷԿ-ից ենթակայան տանող 400 կՎ էլեկտրահաղորդման լարեր անցկացնել, իսկ Հրազդան գետի մոտ կառուցել 400/220 կՎ ենթակայան:

Նախագծի իրականացման համար պլանավորվում է 105.2 մլն եվրո ծախսել: