Երեւանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի վերելակի վերին հատվածի եւ 6-րդ հարկի հատակի միջակայքում արգելափակված կնոջ վիճակում 9 օր անց փոփոխություն չկա:  Այս մասին  NEWS.am-ին տեղեկացրին Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնից՝ նշելով, որ 62-ամյա Ռիտա Դոդոյանը շարունակում է մնալ Վերակենդանացման բաժանմունքում: Կնոջ ոտքը վիրահատել են, նա շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության ապարատին:

Կինն ունի սրունքի բաց կոտրվածք, թոքերի սալջարդ, կողերի եւ ամրակի կոտրվածք:

Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական բաժնից մեզ տեղեկացրել էին, որ ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում ստեղծվել է դեպքի տեխնիկական քննության հանձնաժողով՝ դեպքի հանգամանքները պարզելու համար:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 30-ին ժամը 09.50-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել, որ Երեւանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի վերելակում քաղաքացի է արգելափակվել, անհրաժեշտ է օգնություն:

Պարզվել է, որ 1954 թ. ծնված Ռիտա Դոդոյանի ստորին վերջույթները արգելափակվել են վերելակի վերին հատվածի եւ 6-րդ հարկի հատակի միջակայքում: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ռիտա Դոդոյանը տեղի ուժերով դուրս է բերվել արգելափակումից: