Արագածոտնի մարզի Աղձք համայնքի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դպրոցի փոխտնօրեն Տիգրան Գասպարյանը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աղձքի գյուղապետ Արթուր Ավետիսյանը՝ նշելով, որ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Միքայելյանը մարզպետի որոշմամբ հեռացվել է պաշտոնից:
Մեզ հետ զրույցում Աղձքի բնակիչներից Լուսինեն էլ նշեց, որ դասադուլն այսօր եւս շարունակվել է մինչեւ այն պահը, երբ հայտարարվել է, որ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը փոխվել է:
«Այս պահին դպրոցում դասերը նորմալ հունով շարունակվում են, իսկ Սոնա Միքայելյանը արցունքոտ աչքերով հեռացավ»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, Աղձքի աշակերտները նոյեմբերի 7-ից դասադուլ էին անում՝ բողոքելով դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի դեմ: Գյուղացիները պնդում են, որ Արագածոտնի մարզպետը դպրոցի տնօրեն է նշանակել Փարպի գյուղի բնակիչ, իր դաշնակ սանիկին, սակայն, NEWS.am-ի հետ զրույցում Գաբրիել Գյոզալյանը հերքեց այս տեղեկությունը՝ նշելով, որ ինքը որեւէ կապ չունի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետ:




























