Նկարների, գրքերի, ձեռագործ աշխատանքների եւ ժողովրդական արվեստի այլ ստեղծագործությունների վաճառքով զբաղվող մի շարք քաղաքացիներ Ազատության հրապարակի տարածքում հուշանվերների ժամանակավոր ցուցահանդես-վաճառք կազմակերպելու խնդրանքով Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին դիմել են դեռ սեպտեմբերի 22-ին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց քաղաքապետարանի աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Գագիկ Բաղդասարյանը։
Նրա խոսքով, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի՝ առեւտրի եւ սպասարկումների վարչությունը ժամանակավոր ցուցահանդես-վաճառքը թույլատրելու որոշում կայացրել է քաղաքացիների կողմից խնդրանքը ստանալուց երկու օր հետո՝ հոկտեմբերի 24-ին։ Դիմումատուներին քաղաքապետարանի կողմից գրություն է տրվել առ այն, որ ցուցահանդես-վաճաքի վերաբերյալ առարկություններ չկան։ «Հայտնի է, որ Ազատության հրապարակի տարածքում հուշանվերների ցուցահանդես-վաճառքը գործելու է մինչեւ նոյեմբերիի 25-ը՝ ներառյալ շաբաթ եւ կիրակի օրերը»,- տեղեկացրեց Բաղդասարյանը՝ ավելացնելով, որ այն իր աշխատանքներն սկսել է հոկտեմբերի 10-ին։ Քաղաքապետարանի ներկայացուցիչը նաեւ նշեց, որ Ազատության հրապարակում նույն այդ ժամանակահատվածում միջոցառումներ իրականացնելու համար դիմել են նաեւ քաղաքական երկու ուժեր՝ ՀՅԴ-ն եւ Հայոց համազգային շարժումը, սակայն նրանց առաջարկվել է միջոցառումներն անցկացնել մեկ այլ վայրում։ «Նույն խնդրանքով մեկ անգամ դիմել է նաեւ նախկին ՀՀՇ-ական Կարապետ Ռուբինյանը»,- ասաց Գագիկ Բաղդասարյանը։
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոմո Հովհաննիսյանն էլ նշեց, որ իրենց՝ քիչ-թե շատ արժեքավոր իրերը պահպանելու համար հուշանվերների վաճառքով զբաղվող մարդկանց թատրոնի շենքում 5ք/մ տարածքով մի սենյակ է հատկացրել։ «Քաղաքապետարանը խնդրել է մի որոշ ժամանակով նրանց տեղ հատկացնել՝ իրենց իրերը գիշերը պահելու համար։ Դա մեզ առանձնապես նեղություն չի տալիս»,- հավաստիացրեց թատրոնի տնօրենը։
Նշենք, որ Ազատության հրապարակի տարածքում հուշանվերների ժամանակավոր ցուցահանդես-վաճառքն իրականացվում է Երեւանի 2792-ամյակի միջոցառումների շրջանակներում։




























