«Սլավմեդ» բժշկական կենտրոնի ծննդատան եւ գինեկոլոգիական ծառայության ղեկավար Վարդան Ռափյանը պնդում է, որ մահացած ծննդկան Տաթեւ Գասպարյանի կեսարյան հատման ժամանակ ինքը եղել է երիտասարդ բժշկուհի Լիանա Դաղբաշյանի ասիստենտը։

«Հիվանդության պատմագրում էլ է արձանագրված, որ Լիանա Դաղբաշյանը վիրահատությունը կատարած բժշկուհին է եղել, իսկ ես նրա ասիստենտը»,- NEWS.am-ի թղթակցին վստահեցրեց Վարդան Ռափյանը։

Մեր դիտարկմանը՝ ինչպես է հնարավոր, որ բաժանմունքի վարիչը լինի աստիստենտ, իսկ 2 տարվա աշխատանքային փորձ ունեցողը՝ վիրահատող բժշկուհին, Ռափյանն արձագանքեց․ «Նա երիտասարդ է, սակայն վիրահատությունների փորձ ունի»։

«Սլավմեդի» ծննդատան եւ գինեկոլոգիական ծառայության ղեկավարը նշեց, որ իրենց հիվանդանոցում ոչ ոք ծննդկանին անուշադրության չի մատնել, ամբողջ ընթացքում 2 բժիշկ նրա կողքին են եղել, ավելին, երկրորդ վիրահատության տանելիս Տաթեւ Գասպարյանի վիճակը եղել է բավարար։

Նշենք, որ նախնական եզրակացության համաձայն՝ կեսարյան հատման ժամանակ անոթի ամբողջականությունն է խախտվել, ինչն էլ չեն վերականգնել, որն էլ հանգեցրել է երիտասարդ կնոջ մահվան։

«Ես անձամբ կեսարյան հատման ժամանակ չեմ նկատել, որ անոթ է վնասվել»,- ասաց Վարդան Ռափյանը։

Նշենք, որ Լիանա Դաղբաշյանն ավարտել է Բժշկական համալսարանի օրդինատուրան 2013թ․-ին, եւ արդեն հաջորդ տարվանից սկսել է աշխատել «Սլավմեդ» բժշկական կենտրոնում։ Դեպքից հետո նա շարունակում է աշխատել հիվանդանոցում։ Կատարվածի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ հենց նրանից, սակայն նա հրաժարվեց խոսել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տաթեւի մայրը մեզ հետ զրույցում պատմել էր, որ կեսարյան հատման ցուցում չի եղել, պարզապես բժշկուհին համոզել է՝ այդպես ավելի ապահով կլինի երեխայի համար։ Մոր խոսքով՝ վիրահատությունը նորմալ էր անցել, սակայն կարճ ժամանակ անց դստեր վիճակը սկսել էր վատանալ, ճնշումն էր ընկել, իսկ բուժքույրն էլ խորհուրդ էր տվել սուրճ խմել եւ շոկոլադ ուտել։ Ծննդկանի վիճակը, տիկին Հասմիկի պատմելով, գնալով ավելի էր վատանում, որովայնը սկսել էր այրվել, իսկ ոչ ոք դրան ուշադրություն չէր դարձնում՝ բացառելով նույնիսկ տարբերակը, թե կարող է անոթ է վնասվել եւ արյունը որովայնի մեջ էր լցվում։

«Վիրահատությունից մոտ 6 ժամ անց հերթապահ բժիշկը ուլտրաձայնային հետազոտություն կատարեց եւ ասաց, որ ամեն ինչ կատարյալ է, արգանդը կրճատվում է: Ավելի ուշ նա խոստովանեց, որ մասնագետ չէ եւ այնքան էլ չի հասկանում սոնոգրաֆիայից: Հրավիրեցին սոնոգրաֆիայի մասնագետի՝ փորձառու տարեց կնոջ, որն էլ հետազոտելով ասաց, որ հնարավոր է ներքին արյունահոսություն է՝ նրա որովայնի մեջ արյուն էր կուտակվում: Ժամը 1։20-ին վիրահատարան տարան՝ ասելով, որ ընդամենը մազանոթներն են պայթել․․․ ժամը երեքին արդեն ասացին մեզ, որ գնանք արյուն բերելու»,- պատմել էր Տաթեւի մայրը։

Արդեն լուսադեմին ծննդկանին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն՝ այդպես էլ հարազատներին չբացատրելով, թե որն է եղել նրա վատանալու պատճառը։ Տեղափոխվելուց ժամեր անց 28-ամյա ծննդկանը մահացել է։

Տաթեւի Գասպարյանի հարազատները կատարվածում մեղադրում են «Սլավմեդի» բժիշկներին։

Նշենք, որ այս հիվանդանոցում այս տարվա ընթացքում երկու ծննդկան է մահացել։