Նոյեմբերի 14-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Անդրադառնալով նոյեմբերի 12-ին Երևան քաղաքի Հերացի փողոցի 2/5 հասցեում գտնվող բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունին՝ նախարար Երիցյանը պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանին հանձնարարեց ստուգումներ անցկացնել Երևան քաղաքի բոլոր բենզալցակայանններում և գազալցակայաններում, խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ անմիջապես արձնագրություն կազմել տվյալ կայանի աշխատանքների դադարեցման վերաբերյալ: Սկսելով մայրաքաղաքից՝ ստուգումներ անցկացնել նաև մարզերում:
Ա. Մկրտչյանը նշեց, որ բենզա և գազալցկայանները տեսչության ուշադրության կենտրոնում են, փորձագետներն անմիջապես կանցնեն հանձնարարականի կատարմանը և հնարավորինս սեղմ ժամկետում կներկայացնեն տարված աշխատանքների արդյունքները:
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Հաշվետու ժամանակահատվածում փրկարար ծառայության ստորաբաժանումներն արձագանքել են 95 դեպքի:



























