Մի խումբ քաղաքացիներ այսօր՝ նոյեմբերի 14-ին, հավաքվել են Ազգային ժողովի դիմաց՝ հորդորելով պատգամավորներին դեմ քվեարկել զինծառայողների ապահովագրության համար 1000-ական դրամների գանձման նախագծի դեմ։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նախաձեռնության մասնակիցներից Նարեկ Սարգսյանը հայտարարեց, որ նախագիծը պետք է կյանքի կոչել բյուջեի միջոցներով, դադարեցնել 1000 դրամի նոր հարկատեսակը։

«Պահանջում ենք պատգամավորներին միաձայն դեմ քվեարկել այս օրինագծին»,- ասաց Նարեկ Սարգսյանը։

Նշենք, որ ակցիան սակավամարդ էր, ըստ նախաձեռնության կազմակերպիչների, պատճառն այն է, որ երեկ ուշ երեկոյան են նախաձեռնել այս ակցիան։

Բողոքի ակցիան ավարտվեց, ցուցարարները խոստացան, որ այն շարունակական է լինելու։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին կառավարության նիստին հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը եւ ուղեկցող օրինագծերի փաթեթը, որոնց համաձայն՝ աշխատող յուրաքանչյուր քաղաքացի պետք է ամսական 1000 դրամ վճարի զինծառայողների օգնության հիմնադրամին:

Զոհվածների եւ 1-ին խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքները միանվագ կստանան 10 մլն դրամ (2-րդ խմբի հաշմանդամները՝ 5 մլն), իսկ հետագայում՝ 20 տարվա ընթացքում՝ ամսական 300 հազար դրամ: Սպաների համար այդ գումարը կկազմի ամսական 300 հազար դրամ, ենթասպաների համար՝ 250 հազար դրամ, շարքայինների համար՝ 100 հազար դրամ (զոհվածներն ու 1-ին խմբի հաշմանդամները): Այս դեպքում սպային կամ նրա ընտանիքին 20 տարի շարունակ կհատկացվի 82 մլն դրամ, ենթասպաներին՝ 70 մլն, շարքայիններին՝ 58 մլն:

2-րդ խմբի հաշմանդամների համար նախատեսված է համապատասխանաբար 200, 150 եւ 100 հազար դրամ ամսական: