Անհրաժեշտ է կայունացնել իրավիճակը ղարաբաղյան հակամարտության շփման գծում եւ վերականգնել հրադադարի ռեժիմը։ Այս մասին նոյեմբերի 14-ին՝ Երեւանում ՆԱՏՕ–ի շաբաթվա շրջանակում, ասել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը։
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին օրերի սրացմանն ու Համբուրգում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վրա դրա ազդեցությանը՝ դեսպանը նշեց, որ Գերմանիան չի փոխել իր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ «Մեր դիրքորոշումը չի փոխվել։ Անհրաժեշտ է կայունացնել իրավիճակը շփման գծում, վերականգնել հրադադարի ռեժիմը։ Մենք ողջունում ենք ցանկացած գաղափար եւ առաջարկ, որոնք կնպաստեն իրավիճակի կայունացմանը»,– եզրափակեց Քիսլերը։



























