Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնի արդեն նախկին անեսթեզիոլոգ- ռեանիմատոլոգ Արամ Գրիգորյանը հաստատում է, որ հուլիսի 26-ին գիշերը Մերի Մարգարյանին խորհուրդ է տվել ձեռքերի մեջ տաք հեղուկ պահել, քանի որ ջերմությունը 35,8 էր:
«Այդ օրը ես հերթապահում էի, ժամը 04:00-ի սահմաններում Տիգրան Սարգսյանը խնդրեց Մերիին հետազոտել, որովհետեւ փսխել է: Ես նայել եմ, ամեն ինչ նորմալ էր, ջերմության նվազումն էլ կապված էր երեւի թե դեղորայքի ընդունումից: Ես խորհուրդ տվեցի շատ տաք հեղուկ ընդունել, ձեռքերի մեջ էլ պահել հեղուկը»,- այսօր` նոյեմբերի 15-ին, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում պատմեց Արամ Գրիգորյանը, որը Մերի Մարգարյանի մտերիմներից էր:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը հետաքրքրվեց` ինչու կրկնակի անալիզներ չվերցրին, Արամ Գրիգորյանն ընդգծեց` ցուցում չի եղել: Այնուհետեւ Արամ Գրիգորյանի պատմելով` ինքը խոսել է Շուշանիկ Բախշյանի հետ, ժամը 08:00-ի սահմաններում էլ հանդիպել է կրկին Մերի Մարգարյանի հետ, վիճակը նորմալ էր:
«Ես ախտորոշում չեմ տալիս, գնահատում եմ իրավիճակը, իսկ Մերիի վիճակը ես ճիշտ եմ գնահատել»,- շեշտեց վկան:
Անեսթեզիոլոգ- ռեանիմատոլոգը պատմեց, որ ժամը 09:00-ին ինքը հիվանդանոցից դուրս է եկել, գնացել «Էրեբունի» բժշկական կենտրոն` անձնական ստուգման: Այստեղ արդեն ժամեր անց Գրիգորյանը հանդիպել է Մերի Մարգարյանի ծնողներին եւ իմացել, որ նա այդտեղ է տեղափոխվել: Ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը խնդրեց մանրամասնել:
«Ես մտա վերակենդանացման բաժանմունք, խոսեցի բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանի հետ, ասաց, որ վիճակը ծանր է, հետազոտություններ են արվում, կոնսիլիում է հրավիրվելու կամ արդեն հրավիրվել է, չեմ հիշում: Ես որպես կոլեգա եմ խոսել Մուրադյանի հետ, այնուհետեւ գնացել եմ»:
Նշենք, որ մահացած ծննդկանի հարազատները պնդում են` Արամ Գրիգորյանի հորդորով է նա հաշվառվել Բախշյանի մոտ: Դատարանում Արամ Գրիգորյանը հերքեց այդ տեղեկությունները: Դատավոր Դավիթ Բալայանը հորդորեց սրա վերաբերյալ ճշմարտությունն ասել, քանի որ դա քննության հետ որեւէ կապ չունի:
«Մերի Մարգարյանն ինձ ասել է, երբ արդեն հաշվառվել էր Բախշյանի մոտ: Ես որեւէ խորհուրդ չեմ տվել, միայն ասել եմ` իմ երրորդ երեխան ծնվել է Բախշյանի մոտ, միայն այդքանը»,- պնդեց Արամ Գրիգորյանը:
Դատարանը հրապարակեց Արամ Գրիգորյանի նախաքննական ցուցմունքը, քանի որ էական հակասություններ կան: Ըստ նախաքննական ցուցմունքի` Մերի Մարգարյանն այդ օրն ունեցել է 35,3 ջերմություն: Բժիշկը պնդեց, որ դատաքննության ժամանակ տվածն է ճիշտ. Մերի Մարգարյանի ջերմությունը եղել է 35,8:
Նշենք, որ ծննդկանի եւ նորածին դստեր մահվան գործով երկու մեղադրյալ կա՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի, Մերի Մարգարյանի հղիությունը վարած Շուշանիկ Բախշյանը եւ հուլիսի 25-ի հերթապահ բժշկուհի Անի Բաբելյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Այժմ նշանակված է եւս մեկ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու արդյոք «Շենգավիթի» բուժաշխատողներից էլի կան այնպիսիք, որոնք մեղավորություն ունեն կատարվածի համար:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։ 2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի եւ գլխուղեղի այտուցից մահացել է նաեւ նրա նորածին դուստրը:




























