Եթե պետությանը պաշտպանության համար գումար է պետք, ապա անհասկանալի է, թե ինչու են նախաձեռնել «Հյուսիս–Հարավ» մայրուղին։ Այս մասին նոյեմբերի 15–ին ԱԺ–ում ասել է ընդդիմադիր պատգամավոր, «Համախմբում» կուսակցության անդամ Ստեփան Մարգարյանը՝ ելույթ ունենալով զինծառայողներին ապահովագրական վճարների մասին օրինագծի քննարկման ժամանակ։
«Պետությունն ասում է, որ քաղաքացիներից 1000 դրամները պետք են, որովհետեւ բյուջեն չի բավականացնում։ Այդ դեպքում անհասկանալի է, թե ինչի համար են վերցնում նոր արտաքին վարկեր։ Արդեն հիմա մենք տարեկան պարտքի սպասարկման համար 300 մլն դոլար ենք վճարում։ Ընդ որում, բետոնե մայրուղի ենք կառուցում Երեւանից Աշտարակ եւ Արտաշատ տանող ճանապարհների տեղում, որոնք առանց դրա էլ երկրում լավագույններից էին։ Թող այդ փողը վերցնեին պաշտպանության համար, որն այդքան կարեւոր է։ Իսկ հիմա ասում եք, թե փող չկա»,– ասաց Մարգարյանը։




























