Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչությունը ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության հետ համատեղ նախորդ շաբաթ մայրաքաղաքում կատարած կրկնակի ստուգայցերի արդյունքում նախկինում գույքագրված 305 վահանակի փոխարեն այս անգամ գույքագրել է օրենքի պահանջին չհամապատասխանող 532 գովազդային վահանակ:
Ըստ այդմ, 23 տնտեսվարողի ծանուցվել է սեղմ ժամկետներում վահանակներն օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին, իսկ 355 գովազդային վահանակ ապամոնտաժվել է: Եվս 154 վահանակ համապատասխանեցվել է oրենքի պահանջին: Զեկուցվել է, որ հիմնական խախտումները գրանցվել են Կենտրոն, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կարգապահական տույժի ենթարկել վերոնշյալ վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան բաժինների պատասխանատուներին, իսկ իրավախախտման դեպքերի կրկնության պարագայում կիրառել օրենքով սահմանված ավելի խիստ պատժամիջոցներ:



























