Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւի ձերբակալությունից հետո կառավարության հրաժարականի հիմքերի բացակայության մասին: Lenta-ի փոխանցմամբ՝ նա այսպիսի տեսակետ է հայտնել՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
«Կապ չեմ տեսնում: Խոսքն անհատական մեղադրանքների մասին է, որոնք ինքնին հիմք չեն այս կամ այն նախարարին կամ ուղղակի ֆիզիկական անձին կոռուպցիոներ կամ մեղավոր ճանաչելու համար»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Նրա խոսքով՝ «տվյալ դեպքում անհեթեթ է» հավաքական պատասխանատվության մասին խոսելը:
Պեսկովը նաեւ հայտնել է, որ իրեն հայտնի չէ՝ պետության ղեկավարը որոշում կայացրե՞լ է Ուլյուկաեւի պաշտոնանկության մասին:




























