ՀԱՀ-ում կալանավորվել են երկու սպիտակամորթ քաղաքացիներ, որոնք Youtube–ում հրապարակել են մի տեսանյութ, որտեղ դագաղ են մտցնում մի սեւամորթի։ Կալանավորվածներին ներկայացվել են մեղադրանքներ մարդուն առեւանգելու ու նրան ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար։
20 վայրկյանանոց տեսանյութում երեւում է, թե ինչպես են սպիտակամորթ տղամարդիկ ստիպում դագաղ մտնել սեւամորթին, սպառնալով նրա վրա բենզին լցնել ու այրել։ Զոհը դիմադրում է, լսվում են նրա բղավոցները, իսկ "դահիճները" սպառնում են դագաղի մեջ նաեւ օձ դնել։ Տուժածի հետագա ճակատագիրը հայտնի չէ։
Տեսանյութը, որը սոցցանցերով արագ տարածվել է, քննադատությունների ու վրդովմունքի ալիք էր առաջացրել։
Հայտնի չէ նաեւ, թե երբ է այդ դեպքը տեղի ունեցել, սակայն տեսանյութը շատերին հիշեցրել է այն ժամանակները, երբ սպիտակամորթ փոքրամասնությունը գերիշխում էր երկրում ու ծաղրուծանակի ենթարկում սեւամորթներին։




























