Ամերիկացի զինծառայողները ու ԿՀՎ աշխատակիցները Աֆղանստանում հնարավոր է ռազմական հանցագործություններ են իրականացրել, կիրառելով բանտարկյալների հարցաքննության «դաժան կամ բռնի» մեթոդներ։ Նման եզրակացության է հանգել Միջազգային քրեական դատարանի նախնական հետաքննությունը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Հրապարակված զեկույցում դատախազ Ֆատու Բենսուդան նշել է, որ ենթադրաբար ռազմական հանցագործություններ են կատարել նաեւ «Թալիբանի» աշխարհազորայինները ու աֆղանյան կառավարական զորքերը։ Զեկույցում ասվում է, որ առկա տվյալներով, ԱՄՆ զինված ուժերը «կտտանքների են ենթարկել առնվազն 61 բանտարկյալի» Աֆղանստանում՝ գերազանցաբար 2003-2004 թթ․ ժամանակահատվածում։
Այդ նույն ժամանակահատվածում ԿՀՎ աշխատակիցներն էլ Աֆղանստանում ու Լեհաստանի, Ռումինիայի ու Լիտվայի բանտարկյալների գաղտնի կենտրոններում «կտտանքների են ենթարկել առնվազն 27 բանտարկյալների»։ Բենսուդան հայտնել է, որ մոտ ժամանակներս կորոշի՝ արդյոք թույլատվություն կպահանջի՝ այս գործով լիածավալ հետաքննություն անցկացնելու համար։
Չնայած ԱՄՆ-ն Քրեական միջազգային դատարանի անդամ չէ, բայցեւայնպես ԱՄՆ քաղաքացիները կարող են պատասխանատվության կանչվել դատարանի անդամ երկրներում՝ օրինակ Աֆղանստանում իրականացրած հանցագործությունների համար։




























