Հայ աշխարհահռչակ ֆլամենկո պարուհի Լորի Լա Արմենիան հանդիսատեսին կներկայացնի ավանդական ֆլամենկոյի շունչը: Լորին՝ հինգ իսպանացի երաժիշտների ընկերակցությամբ, հանդես կգա Արամ Խաչատրյան համերգասրահում նոյեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ին:

Լորիի պարը նրբագեղության եւ անթերի տեխնիկայի համադրություն է, հույզերով ու պատմություններով լի կրակոտ կատարում, որը հիանալի կերպով արտացոլում է ֆլամենկոյի ոգին:

«Իմ պարն ինձ համար ազատություն է: Ֆլամենկոն իմ ամենասիրելի պարային ոճն է: Այն պահանջում է երաժշտականություն եւ տեղում ստեղծագործելու ունակություն: Դժվար է շփոթել այն որեւէ այլ պարային ոճի հետ»,- նշում է Լորին:

2010 թ.-ին ֆլամենկոն ՅՈՒՆԵՍԿՈյի կողմից ճանաչվել է մարդկության բանավոր եւ ոչ նյութական ժառանգության գլուխգործոց:  Ֆլամենկոն երաժշտության, պոեզիայի ու պարի զրույց է: Այստեղ բոլոր տարրերը համահունչ են եւ իրենց կարեւոր ասելիքն ունեն՝ կրունկների հարվածներից ծնված ռիթմը, հայացքը, ծափերը, կիթառի սիրառատ ելեւէջները: 

Նոյեմբերի 19-ին Լորին եւ իսպանացի երաժիշտները հանդես կգան ավանդական ֆլամենկոյի տարբեր ոճերով (Soleares de Triana, Siguiriyas, Tarantos de Levante, and Solea por Bulerias de Jerez), որը հանդիսատեսին կտեղափոխի ֆլամենկոյի ծննդավայր՝ Անդալուսիա:

Լորին ելույթ է ունեցել աշխարհի տարբեր հայտնի բեմերում: 2014 թ-ին ճանաչվել է լավագույն պարուհի Ֆրանսիայի Նիմ քաղաքում տեղի ունեցած ֆլամենկոյի բուլերիա ոճի կատարողների մրցույթում:  

Լորիի առաջին ծանոթացումը ֆլամենկոյի հետ եղել է տասներկու տարեկանում: Տասնութ տարեկանում տեղափոխվել է Իսպանիա, որտեղ էլ տասը տարի ապրել եւ ստեղծագործել է Խերես դե լա Ֆրոնտերա եւ Սեւիլյա քաղաքներում բնակվող իսպանական գնչուների հետ:

«Ֆլամենկոյում դու չես ընտրում քեզ համար անուն, քեզ շնորհում են այդ անունը: Լորի Լա Արմենիա անունը ինձ շնորհել է իմ ուսուցիչ Մանուելա Մոնո Կարպիոն»,- նշում է Լորին:

Լորի Լա Արմենիան Հայաստանում է Deem Communications ընկերության հրավերով, որը տարիներ շարունակ հայրենիքին է ներկայացրել անվանի սփյուռքահայ երաժիշտների եւ արտիստների՝ «System of A Down» խմբի գլխավոր վոկալիստ Սերժ Թանկյան, երաժիշտ, դաշնակահար եւ կոմպոզիտոր Գի Մանուկյան, երգիծաբան Վահէ Պէրպէրեան, լիբանանահայ երգչուհի/երգահան Աէյլին Խաչադուրյան, «Capital Cities» հայտնի ամերիկյան ինդի փոփ խմբի անդամ Սեպուհ Սիմոնյան, ինչպես նաեւ «Element Band» եւ «Զուլալ» ակապելլա եռյակ: