Ժողովրդավարության թեմայով Աթենքում իր ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շեշտել է ԱՄՆ-ում իշխանության «խաղաղ» փոխանցման կարեւորությունը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
«Մենք դաժանաբար մրցակցում ենք նախընտրական քարոզչությունների ընթացքում։ Բայց նույնիսկ ընտրություններից հետո ժողովրդավարությունը կախված է իշխանության խաղաղ փոխանցումից,- ասել է Օբաման,- ԱՄՆ հաջորդ նախագահն ու ես շատ տարբեր մարդիկ ենք․․․Բայց ամերիկյան ժողովրդավարությունը վեր է այս կամ այն մարդուց»։ Նա նաեւ շեշտել է, որ ԱՄՆ-ն առաջվա պես աջակցում է Եվրոպային ու հոգ տանում նրա անվանգության մասին, չնայած այն մտավախություններին, որ Դոնալդ Թրամփի՝ իշխանության գալուց հետո ԱՄՆ-ում կսկսվի մեկուսացման դարաշրջան։




























