Հայաստանը կարեւորում է ԵՄ-ի հետ համագործակցությունը եւ ակնկալում է այդ համագործակցության արդյունավետ շարունակությունն ու հետագա զարգացում: Այս մասին, նոյեմբերի 16-ին, Եվրահանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման հարցերով Գլխավոր Տնօրինության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության կազմում էին ԵՀ Հարեւանության եւ ընդլայնման հարցերով Գլխավոր Տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, Արտաքին հարաբերությունների եվրոպական ծառայության Արեւելյան գործընկերության երկկողմ բաժնի ղեկավարի տեղակալ Ադրիանո Մարտինսը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին եւ  գրասենյակի այլ ներկայացուցիչներ:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Ողջունելով հյուրերին` նախարար Կարայանն իր խոսքում նշել է, որ կարեւորում է ԵՄ-ի հետ համագործակցությունը եւ ակնկալում է այդ համագործակցության արդյունավետ շարունակությունն ու հետագա զարգացումը: Անդրադառնալով 2017-2020թթ. ԵՄ կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվելիք աջակցությանը` նախարարը ներկայացրել է աջակցության առաջնային նախընտրելի ուղղությունները, հատկապես կարեւորելով բիզնես միջավայրի եւ ՓՄՁ քաղաքականության, ինչպես նաեւ առեւտրի դյուրացման ուղղությունները: Վերջիններս հատկապես կարեւորվել են ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված տնտեսական բարեփոխումների համատեքստում, որոնք ուղղված են ՀՀ տնտեսությունում ներդրումների աճին, արտահանման խթանմանը, ՓՄՁ-ների միջազգայնացմանը եւ դրանց համար ֆինանսական հասանելիության բարելավմանը եւ արդյունքում՝ կայուն տնտեսական աճի ապահովմանը:

Վասիլիս Մարագոսը կարեւորել է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ  ընթացող բանակցությունները` երկկողմ համագործակցության խորացման տեսանկյունից: Նա բարձր է գնահատել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության դիրքորոշումը` 2017-2020թթ. Հայաստանին տրամադրվելիք աջակցության ուղղությունների վերաբերյալ: Վ. Մարագոսը կարեւորել է նաեւ Փարիզում  Եվրասիա Մրցունակության ծրագրի շրջանակներում անցկացվող Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) «Եվրասիական շաբաթ» նախաձեռնությունն ու դրա շրջանակներում իրականացվող համագործակցությունը:

Նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը,  արդյունավետ գնահատելով Հայաստանում ՏՀԶԿ-ի գործունեությունը, ընդգծել է հայկական կողմի շահագրգռվածությունը «Եվրասիական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում համագործակցության շարունակականության վերաբերյալ եւ նշել, որ նախորդ տարիներին նախաձեռնության աշխատանքներին հայկական կողմից ակտիվ մասնակցություն է ցուցաբերվել:

Հանդիպման ընթացքում կարեւորվել է նաեւ 2017թ. մեկնարկելիք Սեւծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրի նոր շրջափուլը: