«Հորիզոն 2020» ծրագրին անդամակցելուց հետո մեծ հնարավորություններ կստեղծվի Հայաստանի գիտական համակարգը եվրոպական կառույցների մեջ ընդգրկելու համար: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը. «Սա մեծ հնարավորություն է տալիս փոքր երկրներին իրականացնել իրենց ամբիցիաները, ընդգրկվելու մեր գիտական համակարգը եվրոպական կառույցներում»:
ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանն էլ նշեց, որ անհրաժեշտ է որակյալ գիտնականներ ունենալը, նորարարական գիտուժից օգտվելը, նրա խոսքով`«Հորիզոն 2020» ծրագիրը նախատեսված է ԵՄ անդամ չհանդիսացող երկրների հետ համագործակցելու համար. «Ամեն ինչ անում ենք, որպեսզի անցյալի դժվարություններն հաղթահարենք: Այս ծրագիրը նաեւ ուղղված է տնտեսական զարգացմանը, քանի որ գիտական համագործակցության միջոցով է հնարավոր նաեւ տնտեսական զարգացման հասնել»:
Հետազոտության, գիտության եւ նորարարության ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդաշն էլ նշեց, որ «Հորիզոն 2020» ծրագրի նպատակն է ԵՄ համակարգի ինտեգրումը ծրագրին անդամակցող երկրներին եւ այդ երկրների մրցունակության խթանումը. «Մենք հավատում ենք բաց գիտությանը, բաց հաղորդակցությանը: Մենք այսօր քննարկել ենք կոնկրետ գործողություններ` ինչպես կարող ենք մեր համակարգերն ինտեգրել եւ ինչպես գերազանցության սանդուղքով բոլորս միասին բարձրանանք: Շատ հպարտ եմ նրանով, որ այս ծրագրում ներգրավված են 1500 գիտնականներ: Պետք է անել ավելին եւ ավելի որակյալ: Ծրագրի նպատակն է մրցունակության խթանումը, հմտությունների մեջ ներդրում անելը եւ ֆինանսավորման խթանումը»:
Նա նշեց, որ «Հորիզոն 2020» ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել անհատներ, համալսարաններ, ձեռնարկատերեր, նույն գաղափարների շուրջ ներգրավված մարդիկ.« Կա անկախ փորձագետներից կազմված հանձնաժողով, որը գնահատում է ստացված արդյունքները, օրինակ կա` ՓՄՁ խթանման մեխանիզմ, կարող եք մտնել մեր էջ, 10 էջանոց փաստաթուղթ լրացնել` ձեր գաղափարով, եթե գաղափարը դուր գա, կարող եք մինչեւ 50 հազար եվրոյի ներդրում ստանալ գաղափարը զարգացնելու համար»:




























