Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵՏՄ տարածքում ապաինտեգրացիայի մտավախություն ունի, ինչը, նրա կարծիքով, ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ, փոխանցում է ԲԵԼՏԱ–ն։

«ԵՏՄ—ում ապրանքաշրջանառության 30-40–տոկոսանոց անկումը փաստ է, որը խոսում է ինքնըստինքյան։ Նշանակում է, որ խնդիրներ կան։ Եվ այս մասին ասում են բոլոր նախագահները։ Եվ եթե մոտ ժամանակներս մենք իրավիճակից ելք գտնելու նորմալ պլան չմշակենք, վախենամ, որ ինչ–որ ապաինտեգրացիա կսկսվի, ինչը ոչ մի դեպքում թույլ տալ չի կարելի»,– ասել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ հետ չմնալու համար պետք է կատարելագործել ստեղծվածը։ «Վերջերս վարչապետները հավաքվել էին Մոսկվայում եւ մշակել էին նոր Մաքսային օրենսգիրքը, փաստացի այն ներկայացրեցին պետությունների ղեկավարների հաստատմանը։ Բայց չէ՞ որ ժամանակին մենք էինք ստեղծել այդ օրենսգիրքը։ Ինչու՞ հանկարծ այսքան ժամանակ անց նոր փաստաթուղթ ենք մշակում։ Որովհետեւ տեսնում ենք, որ գործողն արդեն չի համապատասխանում այն իրականությանը, որը կա այսօր»,– պարզաբանել է նախագահը։