Նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսաց լեզվին օրենսդրական որեւէ կարգավիճակ տալը վերջ կդնի հայ-ռուսական հարաբերություններին: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովայ այն հայտարարությանը, թե ռուսաց լեզուն պետք է օրենսդրական կարգավորում ստանա նախկին ԽՍՀՄ երկրներում։
«Եթե Հայաստանը ենթարկվի այս հայտարարությանը, հայ-ռուսական հարաբերությունները զրոյական մակարդակի վրա կհայտնվեն։ Այդ դեպքում ես կծափահարեմ Ռուսաստանին եւ կողբամ հայոց աշխարհի իշխանների համար, որ իրենք իրենց անկախությունն իրենց ձեռքով նվիրում են այլ պետության»,-ասաց նա:
Իշխանյանն ընդգծեց, որ Ռուսաստանն այսպիսով փորձում է մեծացնել ռուսաց լեզվի ընդգրկումը, որը կրճատվել է ԽՍՀՄ փլուզումից հետո. «Եթե Հայաստանի իշխանությունները հլու-հնազանդ ենթարկվեն այդ հայտարարությանը, դրանով կապացուցեն, որ Հայաստանը որպես պետություն այլեւս գոյություն չունի։ Պետք է հաշվի առնել, որ դա պարզապես դեսպանի կարծիքն է, ոչ թե Ռուսաստանի վերնախավի»։
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն առանձնակի կարեւորություն չտվեց այդ հայտարարությանը՝ նշելով. «Իրենք են տարածել, մե՞զ ինչ դրանից։ Այսինքն ի՞նքն է էդպես որոշում, Ռուսաստա՞նը, թե նախկին ԽՍՀՄ երկրներն են էդպես ուզում։ Իմ կարծիքով՝ գլուխը քարին ա տվել։ Հիմա ամեն տեղից վեր կացող մի բան ասում է, հասկանալի ա, որ դա իրենց ծրագիրն է»:
Իսկ ահա Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, լսելով հարցը, անջատեց հեռախոսը՝ առանց որեւէ պատասխան տալու։
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան նոյեմբերի 17-ին հայտարարել է, որ ռուսաց լեզուն պետք է օրենսդրական կարգավորում ստանա նախկին ԽՍՀՄ երկրներում։




























