Հայաստանը կարեւոր նշանակություն է տալիս Արեւելյան գործընկերության ծրագրին մասնակցությանը։ Այս մասին նոյեմբերի 17-ին՝ Երեւանում Արեւելյան գործընկերության ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ (ֆոտոռեպորտաժ)

Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանում նման ձեւաչափով հանդիպում տեղի է ունենում 2-րդ անգամ։ Նախարարի գնահատմամբ կայացել է արդյունավետ քննարկում համագործակցության բոլոր ուղղություններով։

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Ռիգայում ԵՄ գագաթնաժողովի արդյունքներին։ «Այն կարեւոր էր ԵՄ–ի  եւ Արեւելյան գործընկերության ծրագրի գործընկերների հետ հարաբերությունների զարգացման համար։ Դրա արդյունքում ընդունված հռչակագիրը սահմանել է աշխատանքի հիմնական ուղղությունները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով»,– նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ Հայաստանին հաջողվել է վերջին մեկ տարում նկատելի արդյունքներ գրանցել։ Շարունակվում են ԵՄ–ի հետ բանակցությունները համագործակցության նոր իրավական բազա ստեղծելու համար, Հայաստանը միացել է ՓՄՁ զարգացման ծրագրին։ Ապագայում սպասվում են ընդհանուր ավիացիոն  գոտուն միանալու եւ վիզային ռեժիմի մեղմացման բանակցությունները։