Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բացատրել է, որ Մինսկում մզկիթի բացման արարողության ժամանակ Ղուրանը համբուրել էր ի նշան միատեսակ հարգանքի աշխարհի բոլոր կրոնների նկատմամբ։ Այս մասին հայտնել է  «Ինտերֆաքսը»։  

«Ինձ զեկուցել են, որ  ինձ քննադատում են այն բանի համար, որ Ղուրանն եմ համբուրել։ Մենք Էրդողանի հետ ներկա էինք մզկիթի բացմանը։ Նրան Ղուրան նվիրեցին ու նա  համբուրեց այն։ Ինձ էլ   նույն ձեւի Ղուրան նվիրեցին  ու ի՞նչ պետք է ես  անեի։ Ես էլ նրա արածը կրկնեցի»,- ասել է Լուկաշենկոն։

Նախագահը շեշտել է, որ Բելառուսում իդեալական հարաբերություններ են մուսուլմանների, կաթոլիկների ու ուղղափառների միջեւ, իսկ երկրի օրենսդրությունը նախատեսում է հավասար իրավունքներ բոլոր կրոնների ներկայացուցիչների համար։

«Ես իմ երկրում ապրող մուսուլմանների նախագահն էլ եմ։ Եվ նրանք երբեք մեզ համար խնդիրներ չեն ստեղծել»։