Գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում ներկայում առաջնային է ինժեներատեխնիկական եւ գիտական կլաստերների ստեղծումը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, Արեւելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպման շրջանակում Ուկրաինայի կրթության եւ գիտության նախարար Լիլյա Գրինեւիչի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:
ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով ուկրաինացի իր գործընկերոջը՝ ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը կարեւորել է կրթության եւ գիտության ոլորտներում երկու երկրների միջեւ նախկինում եղած կապերի վերականգնմանն ու ամրանդմանն ուղղված ջանքերը՝ ընդգծելով, որ այդ նպատակին հասնելու համար մեծ հնարավորություններ են ընձեռում նաեւ «Հորիզոն-2020» ծրագրի շրջանակում իրականացվող համատեղ նախագծերը:
Անդրադառնալով գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ Լեւոն Մկրտչյանը նշել է, որ ներկայում առաջնային է ինժեներատեխնիկական եւ գիտական կլաստերների ստեղծումը: Այս համատեքստում ՀՀ ԿԳ նախարարն առաջարկել է, օգտագործելով «Հորիզոն-2020» ծրագրի ընձեռած հնարավորությունները, գիտության տարբեր ուղղություններով մշակել միջպետական գիտական նախագծեր:
Ուկրաինայի կրթության եւ գիտության նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել կրթության եւ գիտության ոլորտում հարաբերությունների զարգացմանն ուղղված հայկական կողմի պատրաստակամության համար՝ նշելով, որ «Հորիզոն-2020» ծրագրի շրջանակում իրենք արդեն բավականաչափ փորձառություն ունեն, մասնավորապես ծրագրի շրջանակում ավելի քան 60 նորարարական, հետազոտական եւ գիտական ծրագրեր են իրականացրել եւ պատրաստ են կիսել իրենց փորձը, որը կնպաստի գիտության տարբեր ուղղություններով հորիզոնական կապերի ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրներում իրականացվող կրթական բարեփոխումների գործընթացին: Ուկրաինացի նախարարը տեղեկացրել է, որ այժմ խորհրդարանի քննարկման է ներկայացվել հանրակրթության վերաբերյալ օրենքը, որով Ուկրաինան եւս նախատեսում է անցում կատարել 12-ամյա հանրակրթության մոդելին: Այս համատեքստում Ուկրաինային հետաքրքրել է Հայաստանի փորձը, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի հետ Հայաստանի համագործակցության ծրագրերի պատմությունը:
ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը պատրաստակամություն հայտնելով ուկրաինական կողմին տրամադրել ինչպես 12-ամյա կրթության անցման, այնպես էլ ՀԲ-ի հետ հանրակրթության եւ բուհական համակարգի բարեփոխումների փորձը՚ առաջարկել է կրթության եւ գիտության ոլորտում համատեղ ծրագրերի, գիտական աշխատանքների եւ այլնի նպատակով առաջիկայում մտադրությունների հուշագիր ստորագրել: Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳ նախարարը ներկայացրել է նաեւ Հայաստանում ընթացող բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները:




























