Նոյեմբերի 18-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպան Կաի Կաարելսոնին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը դեսպան Կաարելսոնին հաջողություն մաղթեց՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների առավել սերտացնելու նրա կարեւոր առաքելության մեջ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար՝ դեսպանը վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման գործում:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ համագործակցությունը տնտեսական, առեւտրի, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակութային ոլորտներում, անդրադարձ արվեց միջխորհրդարանական շփումների ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը։ Հայաստանի արտգործնախարարն ու Էստոնիայի դեսպանը մտքեր փոխանակեցին Հայաստան - Եվրոպական միություն փոխգործակցության շուրջ։