Վենեսուելայի իշխանությունները պետական ու մասնավոր բանկերին արգելել են իրենց բաժանունքների միջոցով կամ բանկոմատներով տրամադրել օրական ավելի քան 10 հազար բոլիվար, ինչը համարժեք է շուրջ հինգ դոլարի, գրում է El Nacional թերթը։
Սահմանափակումն ուժի մեջ է մտնելու դեկտեմբերի 1-ից, բայց բնակչությունն ու իրավաբանական անձինք արդեն նոյեմբերի կեսերից գումար ստանալու հարցում դժվարությունների են բախվում, նշում է պարբերականը։
Երկրի ԿԲ-ն նման որոշում է կայացրել, քանի որ բավականաչափ կանխիկ գումար չունի։ Վերջին մեկ ամսում կանխիկ գումարի ներհոսքը պետական ու մասնավոր բանկերում կրճատվել է 50 տոկոսով։ ԿԲ-ն մեծ անվանական արժեքով նոր թղթադրամեր պետք է ստանա, որոնք շրջանառության մեջ կդրվեն դեկտեմբերի 15-ից։
Հոկտեմբերի 24-ին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ մտադիր է ՕՊԵԿ երկրների հաջորդ նիստին հրավիրել ԱՄՆ-ին ու ընդլայնել կարտելը՝ այն վերածելով նոր նավթային դաշինքի։ Վենեսուելան ակտիվ աջակցում է նավթի արդյունահանումը սահմանափակելու վերաբերյալ՝ ՕՊԵԿ-ի նախաձեռնությունները։
Վենեսուելան լրջորեն տուժել է 2014-ին նավթի գների անկումից։ ԱՄՀ կանխատեսումներով 2017-ին երկրում գնաճը կազմելու է 1640 տոկոս, իսկ ընթացիկ տարում՝ հասնելու է 480 տոկոսի։ Երկրում պարենամթերքի ու դեղորայքի պակաս է նկատվում։ Վենեսուելան ստիպված է եղել բացել հարեւան Կոլումբիայի հետ սահմանը, որպեսզի երկրի բնակիչները կարողանան ապրանքներ գնել հարեւան երկրում։



























