Ողջույնի համաշխարհային օրը (World Hello Day) ամեն տարի նշվում է նոյեմբերի 21-ին: Օրվա գլխավոր նպատակը լայն հանրության ուշադրության սեւեռումն է խաղաղության համար անձնական շփման կարեւորության վրա: Ոչ թե ուժի կիրառման, այլ միայն բարյացակամ շփումների միջոցով է հնարավոր լուծել գործնականում ցանկացած հակամարտություն: Այս մասին հայտնում է Calend-ը:
Տոնը 1973 թվականին՝ սառը պատերազմի ամենաթեժ շրջանում, մտահղացել են ամերիկացի եղբայրներ Մայքլ եւ Բրայեն ՄաքՔոմաքները՝ ի պատասխան Եգիպտոսի եւ Իսրայելի միջեւ ծագած հակամարտության: Օրն անհրաժեշտ էր որպես բողոքի նշան սաստկացող միջազգային լարվածության: «Անհրաժեշտ է պարզ, բայց արդյունավետ քայլ»,- որոշել են եղբայրները եւ ջերմ ողջույններով նամակներ ուղարկել աշխարհի բոլոր ծայրեր: Նրանք աշխարհում խաղաղության եւ միջազգային լարվածության թուլացման համար պայքարի իրենց գաղափարները ոչ մեկին չեն պարտադրել: Նրանք ընդամենը խնդրել են եւս որեւէ մեկին ողջունել, թեկուզ 10 մարդու:
Այս գաղափարին աջակցել են ավելի քան 180 երկրներում: Այդ ժամանակից ի վեր Ողջույնի համաշխարհային օրը նշում են եւ՛ տարբեր մասնագիտության ու տարիքի տեր մարդիկ, եւ՛ խոշոր քաղաքական առաջնորդները, եւ՛ արդյունաբերական մագնատները, եւ՛ կինոյի ու հեռուստատեսության աշխարհահռչակ անհատները: Չնայած յուրաքանչյուր ժողովուրդ ունի միմյանց ողջունելու իր, պատմականորեն ձեւավորված ավանդույթները, բայց ազգամիջյան էթիկետը, առավել եւս տարբեր միջազգային հանդիպումներում, ըստ էության, նույնն է. հանդիպելիս մարդիկ ավանդաբար միմյանց բարիք եւ առողջություն, բարեկեցություն եւ գործերի հաջողություն են ցանկանում: Հետեւաբար այսօրվա տոնը եւս մեկ հրաշալի օր է՝ բարեկամական ողջույնների, ջերմ զգացումների եւ լավ տրամադրության համար: Դուք եւս միացեք այս հրաշալի եւ բարի տոնին:




























