ԱՄՆ-ում հավելված են թեստավորում, որը մշակվել է մահացու սելֆիները կանխելու նպատակով: Այն ստեղծել են Պիտսբուրգի Քարնեգի-Մելոն համալսարանի աշխատակիցները: Այս մասին հայտնում է Infroming-ը:

Հետեւի խցիկն օգտագործելով՝ հավելվածը գնահատում է այն տեղանքը, որտեղ մարդը մտադիր է սելֆի անել: Եթե հավելվածը որոշի, որ մարդը վտանգի մեջ է, այդ մասին կծանուցի եւ խցիկը կանջատի: Ծրագիրը կարող է տարբերակել երթեւեկող տրանսպորտը, զառիթափը, կարձագանքի նաեւ եղանակային անբավարար պայմաններին: Մասնագետների խոսքով՝ հավելվածը գնահատում է շրջակա տեղանքի գրեթե 70 տոկոսը:

Հեղինակները հայտնել են, որ եթե թեստավորումը հաջող անցնի, ապա այն շուտով կհայտնվի Google Play Market-ում եւ Apple AppStore-ում:

Մշակողների համոզմամբ՝ հավելվածը թույլ կտա սելֆիի սիրահարների շրջանում մահացության թիվը կրճատել: Ամբողջ աշխարհում դեպքեր են գրանցվել, երբ հանուն գեղեցիկ կադրի մարդիկ մոռանում են սեփական անվտանգության մասին եւ զոհվում: